Երևանում տեղադրվելու են Կարեն Քյանդարյանի, Բելլա Դարբինյանի, Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ
Առաջիկայում Երևանում տեղադրվելու են հայ անվանի գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Քյանդարյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բելլա Դարբինյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Հուշատախտակների տեղադրման մասին որոշումներն ընդգրկված են նոյեմբերի 25-ին կայանալիք Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում:
Կարեն Քյանդարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փակցնելու է Կոմիտասի պողոտա հ. 63 հասցեում /7-րդ մուտք/:
Հայ մեծանուն ռենտգենոլոգ-ռադիոլոգ, սրտաբան և մեծ գիտնական Կարեն Քյանդարյանը ծնվել է 1925թ. հունվարի 11-ին։ Նա գիտական, գիտակազմակերպչական, դասախոսական և հասարակական գործունեության ընթացքում մեծ ավանդ է թողել գիտության և առողջապահության զարգացման բնագավառում։ Ստեղծել է երկու խոշոր գիտական կենտրոններ և երկու տասնյակ տարի ղեկավարել Հայաստանի ԳԱԱ սրտաբանության և սիրտանոթային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը և ռադիոբիոլոգիայի ինստիտուտը, որը ներկայումս վերանվանվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերություն։ Կարեն Քյանդարյանը մահացել է 2013թ. մայիսի 25-ին։ Կարեն Քյանդարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա հ. 63 հասցեում /7-րդ մուտք/ փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Ն. Դավիդյանի, «Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ս. Հովհաննիսյանի, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վ. Դավթյանի և Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տ. Բարսեղյանի կողմից։
Բելլա Դարբինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փակցվելու է Ավետ Ավետիսյան փողոց հ.8 հասցեում:
ՀՀ վաստակավոր արտիստուհի Բելլա Դարբինյանը ծնվել է 1936թ. փետրվարի 10-ին Վանաձորում։ 1955թ. ընդունվել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, 1959թ. երաժշտական կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1962թ. ուսումը շարունակել է Մոսկվայի «Մեծ թատրոն»-ին կից ստուդիայում: Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և շատ ուրիշ օպերային դերերով։ Հետագայում գործունեությունը շարունակել է երգարվեստի էստրադային ոճում: 1966թ. ընդունվել է Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգչուհի, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի: Նույն թվականին էստրադային երգերի մրցույթում շահել է ոսկե մեդալ և արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Կատարել է նաև ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ և արժանացել բարձր գնահատականի հայկական երգարվեստի մեծերի կողմից: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2003թ. համերգներով եղել է ԱՄՆ-ում, որտեղ հետագայում թողարկվել է 2 ձայնասկավառակ: Բելլա Դարբինյանը մահացել է 2005թ. Երևանում: ՀՀ վաստակավոր արտիստուհի Բելլա Դարբինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Ավետ Ավետիսյան փողոց, հ.8 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի կողմից։
Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փակցվելու է Կիևյան փողոց հ.24 հասցեում:
Անատոլի Պապյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1951-1953 թթ. կատարելագործվել է Մոսկվայում: 1953թ. դասավանդել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1962թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1983թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: 1984թ. Անատոլի Պապյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նրա աշխատանքներից հայտնի են «Մեղեդի» (1960թ.), «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Առավոտ» (1978թ.), «Օջախ» (1983թ.), «Որդիները» (1965թ.), «Ռեքվիեմ ըստ Նարեկացու» (1987- 2000թթ), «Գարուն ա, ձուն ա արել» (2000թ.), «Պար հին ծառերի տակ» (2000թ.), «Ռեքվիեմ ըստ Նարեկացու» (2003թ., եռապատկեր), «Առավոտ» (2004թ.), «Կեսօր» (2004թ.), «Երեկո» (2004թ.) կտավները: Անատոլի Պապյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981թ., 1999թ., 2004թ.), Փասադենայում (2000թ.)։ Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր։ Անատոլի Պապյանը մահացել է 2007թ. Երևանում: ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կիևյան փողոց հ.24 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Հայաստանի նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան