ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարինե Խուդաբաշյանի հուղարկավորությունը՝ այսօր
Այսօր տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի հուղարկավորությունը: Նշենք, որ Կարինե Խուդաբաշյանը մահացել էր նոյեմբերի 17-ին:
Կարինե Խուդաբաշյանը ծնվել է Թիֆլիսում: 1947թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը (գիտական ղեկավար` պրոֆեսոր Գ.Տիգրանով): 1953թ-ից անցել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի պետական կոնսերվատորիայի, ապա ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (գիտական ղեկավար` պրոֆեսոր Ք.Քուշնարյան): 1960թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: 1984-2005թթ եղել է ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչը, առաջատար գիտաշխատող, գիտական խորհրդի անդամ (1985թ-ից): 1968թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ:
1975-81թթ եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը, 1979-98թթ` վարչության անդամ, 1980-89թթ` «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ: Կազմակերպել է 30 ազգագրական գիտարշավ Հայաստանի տարբեր շրջաններով: Հեղինակել է երեք մենագրություն` «Գրիգոր Եղիազարյան» (1966թ.), «Армянская музыка на пути от монодии к многоголосию» (1977թ.), «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания» (2011թ.): Վերջինիս համար 2013թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուրքի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կողմից հայտարարված լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման: Գրել է հարյուրից ավելի հոդված (հայերեն և ռուսերեն լեզուներով)` նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը, հայ երաժշտության պատմության և տեսության հարցերին, որոնք հրապարակվել են հանրապետական և արտասահմանյան գիտական ժողովածուներում, գիտական ամսագրերում և մամուլում: Եղել է «Հայ ավանդական երաժշտություն» բազմահատորյա մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների: Դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի անդամ, արվեստագիտության թեկնածու: 2013թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա