«Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ավարտվել է աուտիզմ ունեցող երեխաների դաշնամուրային կատարումներով
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նախօրեին տեղի ունեցած «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ունկնդրել են աուտիզմ ունեցող երեխաները։ Նրանց համար Արամ Խաչատրյանի մանկական ալբոմների ստեղծագործությունները ներկայացրել են Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում երաժշտության մեծ աշխարհում։ ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ համերգն անց է կացվել Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պարբերաբար կազմակերպում է համերգներ դպրոցականների, որոշակի խնդիրներ ունեցող երեխաների համար, որպեսզի վերջիններս կարողանան հնարավորին չափ մոտ լինել դասական արվեստին։
Համերգին ելույթ է ունեցել կրթօջախի 13 սան։ Պարոն Կոստանդյանը նկատել է, որ խաչատրյանական փառատոնի շրջանակներում պատանի երաժիշտների ներգրավման նախաձեռնությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբինն է, ինչը մեծ ոգևորություն է մտցրել երեխաների շրջանում. «Չայկովսկու անվան դպրոցն ունի իր բազմապրոֆիլային, բազմաժանրային համերգային գործունեությունը, բայց այն, ինչ կատարվում է Խաչատրյանի անվան փառատոնի հետ կապված, մեզ համար շատ թանկ է ու գնահատելի»։
Համերգի ընթացքում հնչել են Խաչատրյանի «Այսօր արգելված է զբոսնել», «Ծննդյան օրը», «Երկու կռվարար կանայք», «Հեծյալը», «Պար» և այլ գործեր։
«Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ավարտվել է աուտիզմ ունեցող երեխաների դաշնամուրային կատարումներով։
Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան