«Հավատում ենք, որ կառավարությունը կհասկանա՝ «Նաիրիտի» վերագործարկելն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար»
Նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու պահանջով:
«Մենք հնարավոր է ձեռքներս գցում ենք փրփուրներին, բայց հավատում ենք, որ այնուամենայնիվ, կառավարությունն այնքան ողջախոհ կգտնվի և կհասկանա, թե «Նաիրիտի» վերագործարկելն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար»,-լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նա ասաց, որ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ իրենց վերջին հանդիպումը վստահություն է ներշնչել, որ կառավարությունն, այնուամենայնիվ միտված է «Նաիրիտը» վերագործարկելու. «Այսօր «Նաիրիտին» լիովին չանդրադառնալու խնդիրն այսօր նա կապեց այն բանի հետ, որ Միջպետական բանկից բոլոր ակտիվները դեռևս վերադարձված չեն: Ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ այդ խնդիրը կլուծվի»:
Նա ընդգծեց, որ իրենք մինչև վերջ էլ սպասելու են կոնկրետ քայլերի և այն պայմանագրերը, որոնք իրենց պարտադրվեցին, պիտի չեղյալ հայտարարվեն: