Մենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք. Վարչապետը նախարարներին արգելեց դուրս գալ հետնամուտքից
ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորեց չխուսափել լրագրողներից և հանդիպել կառավարության նիստից հետո իրենց սպասող ԶԼՄ ներկայացուցիչներին:
Նրա խոսքերով՝ կառավարության նիստից հետո լրագրողները սպասում են նախարարներին, և անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից:
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց ու թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը բոլոր նախարարներին հորդորեց ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում:
«Հարկ է, որ բոլոր նախարարներն օգտագործեն թե նախապես ծրագրված, թե առաջացող բոլոր հնարավորությունները՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ՝կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար և ոչ թե ասենք դուրս գաս այլ մուտքով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ վերջերս անընդհատ հարցեր են բարձրացվում վարկերի մասին: Նա վարկային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչություններին հանձնարարեցայսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեցեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով ու դժվարությոններով:
«Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք և պետք է դա ապացուցենք մեր վարքով ու գործով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: