Սահմանադրության նախագծով առաջարկվող համակարգը շատ ավելի լուրջ է լինելու. Արման Սաղաթելյան
«Պարոն Բագրատյան, մաթեմատիկայի լեզվով խոսեմ ձեզ հետ 3/5-րդն է շատ, թե պարզ մեծամասնությունը», -այսօր Վայոց Ձորի Խնձորուտ գյուղում հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում «Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ Օհանյանների տանը հետաքրքրվեց «Այո» խմբի անդամ Արման Սաղաթելյանը` արձագանքելով Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական փոփոխությունների նախագծով ընդդիմությանը լծակներ չեն տրվում:
Նշենք, որ նախագծով Ազգային ժողովում հարցերի քննարկման, նախագծերի ընդունման, ինչպես նաև առանցքային պետական պաշտոնյաների նշանակման հարցում անհրաժեշտ է խորհրդարանի 3/5-րդի համաձայնությունը:
«Եթե կա կրկնակի քվեարկության ինստիտուտը, ապա 3/5-րդը ավելի փոքր է, քան 50+1-ը: Որովհետև դու ունես կայուն մեծամասնության թեզ, տանելու ես կրկնակի ընտրության և ստանաս 3/5-րդը` անկախ ամեն ինչից», -Սաղաթելյանի հարցին պատասխանեց Բագրատյանը:
Պատգամավորի խոսքով, Սահամանդրության նախագծում չի հստակեցվում թե ինչ է նշանակում «կայուն մեծամասնություն»:
«Երբ ասում ենք բացեք, բացատրեք, թե ինչ է նշանակում կայուն մեծամասնություն, ասում են դա պարզ կդառնա երբ բացատրվի Ընտրական օրենսգիրքը: Մանրամասն գրեիք, որ մենք նման վեճ չունենանք», -«Այո»-ի խմբին դիմելով հայտարարեց Բագրատյանը:
Սաղաթելյանը նկատեց, որ համակարգը պետք է թույլ տա փոփոխություն կատարվի երկրում. «Այն համակարգը, ինչ ունենք միգուցե անվտանգության առումով որոշ հարցեր լուծում է, օրինակ` նախագահի ու մյուս ինստիտուտների միջև հակասություն չկա, բայց վաղը կարող է տարբեր թիմակիցներ լինեն ու անվտանգ չլինի: Բայց այն համակարգը, որն առաջարկվում է Նախագծով, շատ ավելի լուրջ է լինելու, քան հիմա է»