Բրիջիթ Բրինք. Ամերիկյան կողմի համար կարևոր են Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ընդլայնումն ու խորացումը
Երևանում այսօր Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն անցկացրեց հերթական ամենամյա հանդիպումը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ վաշինգթոնյան գրասենյակի փոխտնօրեն Ջոնաթան Քաթցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը և մի շարք այլ պաշտոնյաներ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքն իր ելույթում նշեց, որ այս հանդիպումները հնարավորություն են ընձեռում խոշոր տնտեսական քաղաքականություն ծավալելու կարևոր հարցերի շուրջ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կազդեն Հայաստանի տնտեսական աճի և առևտրի ծավալների մեծացման վրա:
Բրիջիթ Բրինքի խոսքերով՝ ամերիկյան կողմի համար կարևոր են Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ընդլայնումն ու խորացումը, ԱՄՆ-ը հպարտ է Հայաստանին օժանդակելու իր ջանքերում։
«1992թ-ից սկսած ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ավելի քան 2 մլրդ դոլար: Մենք հավատում ենք, որ այս օժանդակությունը օգնել է Հայաստանին ավելի բարեկեցիկ երկիր դարձնել: Կարևոր է հասկանալ, որ երկու երկրների միջև այս երկխոսության շեշտադրությունն անցել է տնտեսական օժանդակության գերակայություններից մինչև ներդրումներ»,-ասաց Բրիջիթ Բրինքը։
Բրիջիթ Բրինքը կարևորեց նաև Հայաստանի քաղաքացիների համար դյուրացված վիզային ռեժիմին անցնելու որոշումը: Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար Հայաստանի կառավարությունը սահմանել է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: Փոխադարձաբար, ԱՄՆ-ը ՀՀ քաղաքացիների լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով:
Բրիջիթ Բրինքը խոսեց նաև «Որոտան» կասկադի գործարքից. «Այս տարի կնքվեց «Որոտան»-ի կասկադի վերաբերյալ գործարք երկու երկրների միջև, ինչը շատ դրական է։ Հուսով եմ Հայաստանում նման ավելի շատ ներդրումներ տեսնել, մենք ՀՀ կառավարության հետ կաշխատենք անելու ամեն ինչ խրախուսելու դա»։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալը նաև հայտնեց, որ ընկերությունները ներդրումներ են անում այնտեղ, որտեղ կան հավասար պայմաններ, կանխատեսելիություն, հրապարակայնություն, հավասար խաղի պայմաններ:
«Սա նշանակում է, որ պետք է լուծել կոռուպցիայի հետ կապված հարցերը և նման այլ խոչընդոտները ներդրումային ոլորտում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի