Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները»՝ ՀԱՊ-ում
Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 20-ին բացվելու է Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Հայրենիքի գույները» խորագրով: Ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ ներկա ցուցահանդեսն ավելի ընդարձակ է, քան 1987 թ. Երևանում` Նկարիչների միությունում, կազմակերպված ցուցադրությունը, որը հիմնականում ընդգրկում էր հայկական թեմաներին նվիրված 1960-1980 թվականների հաստոցային և գրաֆիկական հորինվածքներ:
Ազգային պատկերասրահի ցուցահանդեսը ներկայացնելու է Էդման Այվազյանի ճարտարապետական և դիզայներական նախագծեր, վերջին 10-15 տարիներին ստեղծված բնանկարներ և հնարավորություն է տալիս տեսնելու արվեստագետի անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները, նրա յուրօրինակ ձիրքը:
«Իրանում ծնված, այժմ Լոնդոնում բնակվող Էդման Այվազյանի (ծնված 1932 թ.) անհատական ցուցահանդեսը ընդլայնում է մեր պատկերացումները արտերկրում ստեղծագործող վարպետների գեղարվեստական նվաճումների մասին: Ցուցահանդեսը ներկայացնում է մի արվեստագետի, որն իր երկերում համադրում է հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները»,- նշում են Ազգային պատկերասրահից:
Նկարչին անձամբ ներկա է լինելու ցուցահանդեսի բացմանը: Ներկայացվող աշխատանքների մի մասն իր հետ բերել է Է. Այվազյանը, մի մասն էլ Ազգային պատկերասրահի հավաքածուից են:
Էդման Այվազյանը ձևավորել է մի շարք հայկական եկեղեցիների ինտերիերներ, հասարակական և հոգևոր կառույցներ Եվրոպայում, Միջին Արևելքում, ծննդավայրում` Իրանում: Անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, հայտնի է որպես հմուտ ծովանկարիչ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում