Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը. Վաչե Գաբրիելյան
«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը, և անելու ենք հնարավորը, որպեսզի երկու երկրների միջև ընդլայնենք փոխադարձ առևտրի և ներդրումների հնարավորությունները»,- այս մասին այսօր Երևանում մեկնարկած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ վաշինգթոնյան գրասենյակի փոխտնօրեն Ջոնաթան Քաթցը և մի շարք այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ մինչ այդ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում տեղի էր ունեցել Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի անդրանիկ նիստը:
Վաչե Գաբրիելյանը հույս հայտնեց, որ հայկական կողմի հյուրընկալությունը և աշխատանքային ուղղվածությունը կունենա իր դրական արդյունքները: Նրա խոսքերով՝ տարիների ընթացքում այս հանձնաժողովների շրջանակներում քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք իրենց լուծումներն են ստացել: Այս տարի, ըստ նրա, կարողացել են բարձր մակարդակների հանդիպումներում նախանշել մի քանի կարևոր հարցեր ևս, որոնք արդեն օրակարգում են: Դրանից մեկն էլ վերաբերում է վիզաների համաձայնագրին:
Փոխվարչապետը կարևոր արդյունք համարեց նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի անդրանիկ նիստը: Նիստում քննարկվել են առևտրին վերաբերող կարևորագույն հարցեր, որոնք նույնպես, ըստ Վ.Գաբրիելյանի, կընդլայնեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը:
Փոխվարչապետը հիշեցրեց նաև, որ 2013թ-ին՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպման ժամանակ քննարկվել է Որոտան ՀԷԿ-ի հարցը, որի գործարքը խոշորագույն ներդրում է Հայաստանի Հանրապետությունում:
«Մենք այս ոգով շարունակելու ենք աշխատանքները և հուսով ենք, որ այս հանդիպումը ևս կունենա պրակտիկ արդյունքներ: Մենք տրամադրված ենք շատ գործնական աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ և նոր հարցեր առաջադրել, որպեսզի հընթացս լուծենք բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են ծագել առևտրատնտեսական հարաբերություններում: Սակայն մեր նպատակը միայն խոչընդոտների վերացումը չէ, այլ այն, որ ստեղծենք նոր հնարավորություններ այդ հարաբերությունների զարգացման համար»,- հայտարարեց Վաչե Գաբրիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի