Ազգային պատկերասրահը ռեստավրացիոն սարքավորում ձեռք բերելու համար դիմել է ճապոնական դրամաշնորհի. տնօրեն
Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերի վիճակը տնօրեն Արման Ծատուրյանը բավարար է գնահատում: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր ցանկությունն է Ազգային պատկերասրահը դարձնել գերժամանակակից մշակութային օջախ, ինչպես, օրինակ, Մատենադարանը, որը որևէ բանով չի զիջում աշխարհի լավագույն թանգարաններին: Ա. Ծատուրյանի խոսքով, Ազգային պատկերասրահի աշխատանքի համար ամենակարևորը ռեստավրացիոն կենտրոն ունենալն է՝ հագեցած լավ սարքավորումներով. «Սարքավորումը բավականին թանկ է, մենք հնարավորություն չունենք ձեռք բերել, դիմել ենք ճապոնական դրամաշնորհի»:
Պատկերասրահի տնօրենը հիշեցրեց, որ նախորդ տարի կրկին ճապոնական գրանտով ստացել են մի քանի սարքավորում, սակայն դա բավարար չէ: Ա.Ծատուրյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս այցելել էր Չինաստան ու պայմանավորվածություն է ձեռք բերել պատկերասրահի ռեստավրատորներին ուղարկել Չինաստան՝ վերապատրաստման:
Նշենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահն ունի առաջնային, երկրորդական, երրորդական, չորրորդական ֆոնդեր: Պատկերասրահի տնօրենի խոսքով, երրորդական և չորրորդական ֆոնդերում պահվող որոշ աշխատանքներ վեց ամսով կամ մեկ տարով տրվում են պետական գերատեսչություններին՝ իրենց շենքերի պատերը զարդարելու համար, ինչը հնարավորություն կտա նաև տվյալ գերատեսչություններ այցելող մարդկանց տեսել արվեստի այնպիսի գործեր, որոնք գուցե երբևէ ֆոնդերից դուրս չհանվեն:
«Երբևէ հիմնական ցուցադրությունից, առաջնային կամ երկրորդական նշանակության ֆոնդերից նկարներ չեն տրվում»,- ընդգծեց նա:
Ա.Ծատուրյանի խոսքով, նկարները տրվում են գերատեսչություններին մշակույթի նախարարի հրամանով. «Պայմանագրում նշվում է, թե ինչքան ժամանակով է տրվում և ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ պահելու համար: Ամեն ամիս մեր մասնագետները գնում և ստուգում են: Անհրաժեշտ պայմանները խախտելու դեպքում աշխատանքները հետ են վերադարձվում պատկերասրահ»,- նշեց Ա.Ծատուրյանը:
Նա նաև ասաց, որ իրենք են որոշում, թե որ նկարները պետք է տրվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան