Ենթակառուցվածքների մասով խնդիր ունենք. Հասմիկ Պողոսյան
Օտարերկրյա պետությունները հաճախ են հետաքրքրվում մշակութային զբոսաշրջության զարգացմամբ, հասկանում են, որ այն լուրջ ներուժ է այս կամ այն երկրի հետ կապերը զարգացնելու ուղղությամբ: «Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Իմ Հայաստանը» ծրագրի շրջանակում, ըստ նախարարի, բարեկարգվելու են պատմամշակութային հուշարձաններ, ամենկարևորը՝ ստեղծվելու են ենթակառուցվածքներ, որոնք սպասարկելու են հուշարձանները:
«Մենք ինչ-որ չափով կարողանում ենք իրականացնել հուշարձանների վերականգնում, բայց ենթակառուցվածքների մասով խնդիր ունենք: Այդ հարցը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Պետք է հուշարձանները լիարժեք պատրաստ լինեն ընդունելու զբոսաշրջիկներին»,- ասաց մշակույթի նախարարը՝ հավելելով, որ հուշարձանների մոտ տեղադրվելու են նաև ցուցանակներ, լինելու են տեղեկատվական կենտրոններ, համապատասխան անձնակազմեր, կայանատեղիներ, դիտակետեր:
Հ. Պողոսյանի խոսքով, ծրագիրը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, քանի որ զբոսաշրջիկի համար կարևոր է հարմարավետությունը:
«Ես չեմ հիշում վերջին տարիներին իրականացված որևէ մի ծրագիր, որտեղ այսպիսի լուրջ մոտեցում կա պետության և մասնավորի ներդրումների կողմից»,- ասաց մշակույթի նախարար Հ.Պողոսյանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում այսօրվանից մեկնարկում է նորարարական ծրագիր՝ «Իմ Հայաստան», որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Չորս տարի տևողության ծրագրի արժեքն է հինգ միլիոն դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի մշակութային ժառանգությունը կարևոր խթան է զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար. Վարչապետ
- Բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո ՀՀ-ն բանակցել է ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերության հետ. վարչապետ
- ՀՀ-ում զբոսաշրջության արդյունքում ձևավորվող օգուտները մարզային բնակչության համար գրեթե հասանելի չեն. Քարեն Հիլիարդ
- «Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է ՀՀ-ն աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր. դեսպան Միլս
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում