Բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո ՀՀ-ն բանակցել է ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերության հետ. վարչապետ
Հայաստանի կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում օդային տրանսպորտային հասանելիության ակտիվության ապահովման ուղղությամբ: «Իմ Հայաստան» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա հիշեցրեց, որ 2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հայտարարել է բաց երկնքի քաղաքականություն:
«Այս ընթացքում բանակցություններ են տարվել ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերություների հետ՝ վերջիններիս Հայաստանի շուկա ներգրավման նպատակով»,- ասաց կառավարության ղեկավարը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է արվի առավելագույնը մեծացնելու զբոսաշրջության ներդրումը կայուն համաչափ տնտեսական զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացներում:
Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը:
Հ. Աբրահամյանի խոսքով, Հայաստանում զբոսաշրջությունն առավել դինամիկ զարգացող ճյուղերից է. նախորդ տարի ՀՀ է այցելել շուրջ 1 միլիոն 204 հազար զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով ավելի է 2013-ի ցուցանիշից: Ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 860 հազար, ինչը նույնպես նախորդ տարվա ցուցանիշին գերազանցում է: Վարչապետն ասաց, որ Հայաստանում զգալիորեն ակտիվացել է հյուրանոցաշինությունը. այսօր ՀՀ-ում կա 340 հյուրանոցային տնտեսություն, որոնցից 20-ը կառուցվել են վերջին երեք տարիներին:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում այսօրվանից մեկնարկում է նորարարական ծրագիր՝ «Իմ Հայաստան», որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Չորս տարի տևողության ծրագրի արժեքն է հինգ միլիոն դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում զբոսաշրջության արդյունքում ձևավորվող օգուտները մարզային բնակչության համար գրեթե հասանելի չեն. Քարեն Հիլիարդ
- «Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է ՀՀ-ն աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր. դեսպան Միլս