Առաջարկվող տարբերակը խորհրդարանական համակարգի մասին չէ. Բագրատյանը` եղեգնաձորցիներին
«Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակներում Եղեգնաձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց, որ ներկաներին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հենց նոր է բաժանվել, ինչը նրա համար տարօրինակ էր:
«Հիմա որ հարցնեմ` կարդացե՞լ եք, հազիվ մի հոգի գտնվի, որ ասի հա, կարդացել եմ: Սահմանադրությունը խելքի բան չի է, տրամաբանության բան չի: Սահմանադրության մեջ ինչ-որ տեղ սիրո էլեմենտ կա, սեր ա ու վերջ` պետք է բացատրել, աշխատել, ապրել, տեսնել: Սիրո մեջ էլ կա առաջին հայացքից սեր, որը շատ հետո վերածվում է ատելության, չի կարելի վերցնել ու ասել` պետությունը տրամաբանական կառույց ենք անում», -ներկաներին բացատրեց Բագրատյանը:
Ընդդիմադիր պատգամավորի դժգոհությունը Սահմանադրության նախագծից, որը նա փոխանցեց եղեգնաձորցիներին, այն է, որ համապետական ընտրությունների քանակը կրճատվում է, և առաջնային մանդատ ստանում է միայն խորհդրարանը:
«Կտեսնենք` դա դեմոկրատիա՞ կբերի, թե՞ կլանայնություն», -նկատեց Բագրատյանը` ընդգծելով, որ զարգացած երկրների մեծ մասում կա երկու առաջնային մանդատ` այսինքն երկու մարմինների ընտրում է ժողովուրդը:
Նա ասաց, որ Նախագիծը հնարավորություն է տալիս կառավարությանը ենթաօրենսդրական ակտեր մշակել-ներկայացնել և հավալեց. «Եթե կառավարությունը ունի ենթաօրենսդրական ակտերի իրավունք, դա պառլամենտական երկիր չի, ինչ օրենք ուզում ես գրի, կառավարությունն իր ուզածն անցկացնելու է` ունենալով պառլամենտում հստակ կայուն մեծամասնություն»:
Պատգամավորը բնակիչներին հիշեցրեց, որ երբ 2013-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում էր նախագահական ընտրություններին, նրանց ծրագրային դրույթներում չի եղել Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մասին խոստում:
«Սա մեզ վրդովեցնում է և մենք ասում ենք` սենց ո՞ւր կարա գնա: Ես ոչինչ չունեմ ասելու` պառլամենտական հանրապետություն լինում է, բայց առաջարկվող տարբերակը այդ մասին չէ և ավելի շատ է հավանականությունը, որ դեպի վատն ենք գնում», -հավելեց ընդդիմադիր խորհրդարանականը: