Սեյրան Օհանյան. զորավարժությունները իրենց նպատակը կատարել են՝ գնահատականը բարձր է լինելու
«ՀՀ և Արցախի հանրապետության նախագահների ինչպես նաև ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ խորհրդակցելուց մենք եկանք այն եզրակացության որ զորավարժությունները իրենց առջև դրված նպատակը կատարել են, բարձ է մնացել զինծառայողների ընդհանուր տրամադրվածությունը, նրանց ոգին: Գնահատականը անկասկած բարձր է լինելու»,-այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ զորավարժությունների ավարտին կազմակերպված պարգևատրման արարողությունից հետո:
«Ցանկացած այսպիսի միջոցառումների ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությունը բարձրացնում է պատասխանատվությունը և պատիվը յուրաքանչյուր զինծառայողի համար»,- նշեց նախարարը և հավելեց, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների մասնակցությունը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ հրամանատարից մինչև մինչև վերջին զինվոր այդ շղթայում կապակցված են այնպիսի ամրությամբ, որը երբևէ չի կտրվի:
Նախարարի համոզմամբ զինծառայողների գործողությունները տարեցտարի կատարելագործվում են:
«Յուրաքանչյուր այսպիսի զորավարժություն իր նպատակն ունի: Առաջին հերթին դա տեսական և գործնական գիտելիքների ամրապնդումն ու բարձրացումն է, ինչպես նաև հրամանատարների ու նրանց շտաբերի ունակությունների կատարելագործումը ժամանակակից համազորային մարտը պլանավորելու և անցկացնելու ուղղությամբ»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ըստ նախարարի, երկրորդ նպատակը, ստորաբաժանումների ներդաշնակումն է:
«Այսինքն՝ ներդաշնակ գործողություններն են, որ բերում են հաջողությունների և իհարկե նաև այսպիսի զորավարժությունները ամրապնդում են բարոյահոգեբանական մակարդակը, ամրապնդում զինվորի մարտական ոգին և նաև կոփում յուրաքանչյուրի մարմինը և նախապատրաստում առաջիկա գործողություններին»,- նշեց նա:
Նախարարի հավաստմամբ, այսպիսի զորավարժությունները անկասկած անց են կացվում այնպիսի սցենարներով, որոնք առկա են մեր իրադրության մեջ:
«Առաջին գծում կանգնած զորամասերը հենց այն խնդիրներն ունեն, որ այստեղ արտացոլված էր: Առաջինը պաշտպանությունն է և իրադրությանը համարժեք գործողությունների իրականացումն է պաշտպանական մարտից սկսած հակագործողություններով և հակահարձակողական գործողություններով»,- ասաց նախարարը:
Ըստ Սեյրան Օհանյանի, թեև այսօրվա զորավարժությունների մասշտաբները մի քիչ փոքր էին, սակայն ակնհայտ էր մարտավարական նոր հնարքների, նոր ձևերի ներդրումը՝ փոքր ուժերով մեծ խնդիրների իրականացումն է:
«Յուրաքանչյուր հրամանատար ընդհանուր մտահղացմամբ և ստեղծված իրադրությանը համարժեք իր հնարավորությունները իր գիտելիքների շրջանակներում ինքնուրույն, լոկալ որոշումներ է ընդունում և իրականացնում: Մենք տեսանք, թե ինչպիսի ներդաշնակության բարձր մակարդակ գոյություն ունի, տեսանք փոխգործունակության բարձր աստիճան, ինչպես նաև տեսանք թե ինչպես են գործում և համազորային ստորաբաժանումները և զորատեսակները ինքնուրույն, սկսած հակառակորդի հետախուզությամբ նրա բոլոր գործողությունների հայտնաբերմամբ և նաև կրակային խոցման բարձր աստիճանով»,- նշեց Սեյրան Օհանյանը: