ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ին ժամանակակից էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար:
Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ջերմոցային տնտեսությունում կարտադրվի ելակ` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը կապահովի բարձր պտղաբերություն և որակ: Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող ջերմոցի արտադրական տարածքը զբաղեցնում 3 հա տարածություն:
Ընկերությունը կարտադրի «Ալբիոն» տեսակի ջերմոցային ելակ, որն առանձնանում է իր բարձր որակով և տեղափոխման ու պահպանման ընթացքում դիմացկունությամբ, ելակը կիրացվի հայկական շուկայում, իսկ հետագայում նախատեսվում է այն արտահանել Ռուսաստան:
«Կլուբնիչնայա պոլյանա» ընկերությունը ջերմոցի կառուցման գործընթացում համագործակցել է ոլորտի աշխարհահռչակ առաջատարներից մեկի` ֆրանսիական «Richel» ընկերության հետ, որը մասնագիտացված է տեխնոլոգիապես բարձր ջերմոցային տնտեսությունների՝ թաղանթային ջերմոցների նախագծման ու կառուցման ոլորտում և ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում աշխատելու մեծ փորձ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկը ակտիվորեն ֆինանսավորում է Հայաստանի ջերմոցային տնտեսությունները: «Կլուբնիչնայա պոլյանա» ընկերության հետ մեր փոխշահավետ համագործակցությունը կզարգանա և կընդլայնվի, ինչի համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները: Հուսով եմ, ոչ հեռու ապագայում ընկերությունը կսկսի իրականացնել արտադրանքի արտահանում Մաքսային միության անդամ-երկրներ, խթանելով արտահանման զարգացումը Հայաստանում»: