«Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է ՀՀ-ն աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր. դեսպան Միլս
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում մեկնարկում է նորարարական ծրագիր՝ «Իմ Հայաստան», որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր:
«Զբոսաշրջության համաշխարհային շուկան շարունակում է մեծանալ և ընդգրկել նոր վայրեր: Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, յուրօրինակ խոհանոցը, գեղատեսիլ բնությունը և բարեհամբյուր մարդիկ դարձնում են այն առանձնահատուկ վայր»,-ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ բացման խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա նշեց, որ այս ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր: Ռ.Միլսի խոսքով, այսօր Հայաստանում տուրիստական շուկան նեղ է, տնտեսական օգուտները կենտրոնացած են հիմնականում Երևանում:
«Տուրիզմի կողմից ստեղծված եկամուտները լայնորեն տարածելու համար Հայաստանը պետք է Երևանից դուրս խարիսխային տուրիստական վայրեր ձևավորի և կապի դրանք երկրի ամբողջ լայնությամբ ու երկարությամբ ձգվող զբոսաշրջության ցանցին: Այս ծրագիրը նպաստելու է հենց սրան»,- ընգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ հավելելով, որ անհավանական հնարավորություն է Հայաստանի համար, ինչին հնարավոր է եղել հասնել ՀՀ և ԱՄՆ` որպես գործընկերներ աշխատելով:
Դեսպանը Միլսը նշեց, որ զբոսաշրջությունը կարող է տնտեսական զարգացման շարժիչ ուժ հանդիսանալ՝ ստեղծելով նոր աշխատատեղեր հյուրանոցներում և ռեստորաններում:
Չորս տարի տևողության ծրագրի արժեքն է հինգ միլիոն դոլար:
Մշակույթի պահպանման ասպարեզում Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի տարբեր անկյուններում համայնքների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի: Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյանի կուրատորները և ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար:
Ծրագիրը կսատարի Հայաստանի ազգային արվեստը, արհեստներն ու երաժշտությունը, կնպաստի երկրի գյուղական համայնքների զարգացմանը, կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկությունը միջազգային շուկաներում, ինչպես նաև կօգնի պաշտպանել և զարգացնել Հայաստանի բնական և մշակութային ժառանգությունը:
Սմիթսոնյան ինստիտուտը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ աշխատելու մեծ փորձ ունի կենսաբազմազանության պահպանության, թանգարանների աշխատուժի կարողությունների զարգացման և զարգացող մշակութային հաստատությունների աջակցությանն ուղղված միջազգային ծրագրերի շրջանակներում: Սմիթսոնյան ինստիտուտը հիմնադրվել է 1846 թվականին: Այն աշխարհի խոշորագույն թանգարանն ու հետազոտական հանալիրն է, որի կազմում են 19 թանգարան ու պատկերասրահ, Ազգային կենդանաբանական այգին ու ինը հետազոտական հաստատություններ:
Սմիթսոնյան կապերի գրասենյակի ավագա խորհրդատու Հալի Բաթվինն ասաց, որ Հայաստանը փոքր, բայց հիասքանչ, գեղեցիկ երկիր է:
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ ՄԶԳ-ին այս ծրագրում ներդրումների համար: Հինգ միլիոն դոլարը սկզբնական ներդրումն է, տեսնում ենք ավելի մեծ հնարավորություն, կաշխատենք լրացուցիչ գումարներ հայթայթել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան