Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին:
Հարց. Պարոն նախարար, ՌԴ արտգործնախարարի երևանյան այցից հետո չեն դադարում
հրապարակումները, թե այն կապված էր ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումների հետ: Մասնավորապես, ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրը, տեղեկացնում է, որ այցի հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց դրան: Կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյոք ԼՂ կարգավորումը քննարկվել է Լավրովի այցի ժամանակ, և եթե այո, ապա ի՞նչ համատեքստում:
Էդվարդ Նալբանդյան. Ես նախընտրում եմ խուսափել ասեկոսեների մակարդակով հնչող և իրականության հետ կապ չունեցող լուրեր մեկնաբանելուց: Այդպիսի տեղեկություններ տարածողները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ լսել են զանգի ձայնը, բայց չգիտեն, թե որտեղից է:
Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ մենք թվարկեցինք այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել մեր միջև, դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում նրա և մյուս համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Սերգեյ Լավրովի հետ մենք տարեկան շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ենք ունենում՝ թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով, ինչը բնական է՝ հաշվի առնելով մեր երկու երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները: Այդ հանդիպումներից յուրաքանչյուրի համար մամուլը կարող է տեղեկատվություն տարածել, թե քննարկվել են ԼՂ հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցեր, և պետք է նշեմ, որ հիմնականում շատ սխալված չի լինի: Որոշ բացառություններով հանդերձ, իհարկե, հարցը մշտապես գտնվում է մեր քննարկումների օրակարգում: Դա բնական է:
Այլ հարց է, երբ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտացածին տարրեր, երբ մամուլը վկայակոչում է իր՝ այսպես կոչված բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Ես հալած յուղի տեղ չէի ընդունի դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել՝ նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով և նեղ ձևաչափով:
Ընդհանրապես ես խորհուրդ կտայի նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների Նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Նրանք ներկայացնում են մեկ ամբողջություն, կընդգծեի՝ մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ և տարրեր, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Հիմա, ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է առավել վստահություն ներշնչում, այն, ինչը հրապարակվել է համանախագահ երկրների Նախագահների անունի՞ց, թե՞ մամուլում տեղ գտած ասեկոսեները: Կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Կցանկանայի հավելել նաև, որ Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ԱԳՆ պաշտոնական էջում և «Առավոտ»-ի էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան