ՀՀ-ում զբոսաշրջության արդյունքում ձևավորվող օգուտները մարզային բնակչության համար գրեթե հասանելի չեն. Քարեն Հիլիարդ
«Հայաստանն արդեն իսկ միջազգային տուրիզմի համաշխարհայի կենտրոններից է իր բազմաթիվ եկեղեցիներով, մշակութային կոթողներով: Սակայն դրանից բացի, կան ոչ նյութական մշակութային արժեքներ՝ երաժշտություն, պար, խոհանոց, արհեստագործություն և, նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքները համադրելով, կարելի է զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր առօրյա և ժամանց ապահովել»,- «Իմ Հայաստան» ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը:
Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում այսօրվանից մեկնարկում է նորարարական ծրագիր՝ «Իմ Հայաստան», որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:
Նրա խոսքով, ծրագրի շրջանակում նպատակ ունեն նպաստել տուրիզմի զարգացմանը և անկալում են, որ արդյունքում ավելի շատ տուրիստներ կգան Հայաստան:
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդն ասաց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագիրն իրականացնելիս հստակ նպատակ է դրել՝ հասնել նրան, որ Հայաստանը լինի զբոսաշրջային առաջնակարգ կենտրոն:
«Ներկայումս Հայաստան ժամանող զբոսաշրջիկները հիմնականում ժամանակն անցկացնում են Երևանում, ինչը նշանակում է, որ զբոսաշրջության արդյունքում ձևավորվող օգուտները մարզային բնակչության համար գրեթե հասանելի չեն: Այս ծրագրի շրջանակում նպատակ կա ձևավորել տուրիստական վայրերի շղթա՝ ներառելով հյուսիսը, հարավը, և այնտեղ համադրելով տարբեր հետաքրքրություն ներկայացնող տուրիստական վայրերը, ձևավորել ամբողջական փորձառության շղթա: Մենք ուզում ենք, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան Հայաստան, ավելի երկար մնան և ավելի շատ գումար ծախսեն»,- ասաց Ք. Հիլիարդը:
Նշենք, որ «Իմ Հայաստան» ծրագրի տևողությունը չորս տարի է: Ծրագրի արժեքն է՝ հինգ միլիոն դոլար: Մշակույթի պահպանման ասպարեզում Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի տարբեր անկյուններում համայնքների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի: Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյանի կուրատորները և ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար:
Ծրագիրը կսատարի Հայաստանի ազգային արվեստը, արհեստներն ու երաժշտությունը, կնպաստի երկրի գյուղական համայնքների զարգացմանը, կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկությունը միջազգային շուկաներում, ինչպես նաև կօգնի պաշտպանել և զարգացնել Հայաստանի բնական և մշակութային ժառանգությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին