Հայաստանի մշակութային ժառանգությունը կարևոր խթան է զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար. Վարչապետ
ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգացման տեմպերով և արդյունքներով առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Մատենադարանում «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամամակ:
Վարչապետը նշել է, որ այս ծրագիրը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտի հաջողված համագործակցության արդյունք է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել և զարգացնել փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության գերակա ճյուղերից է և մեծ ազդեցություն ունի թե´ համաշխարհային տնտեսության կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի և թե´ տարբեր երկրների ու տարածաշրջանների տնտեսությունների վրա։ Տեղեկացնում են կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«2014 թ. Հայաստան է այցելել մոտ 1 մլն 204 հազար զբոսաշրջիկ, ինչը 11.3 տոկոսով ավելի է 2013 թ. ցուցանիշից: Անցյալ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 860 հազար, ինչը 28.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Միևնույն ժամանակ Հայաստանում զգալիորեն ակտիվացել է հյուրանոցաշինությունը: Կատարվող ներդրումների շնորհիվ ներկայում մեր երկրում գործում են մոտ 340 հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 20-ը կառուցվել են վերջին 3 տարիներին», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում նաև օդային տրանսպորտային հասանելիության ապահովման ուղղությամբ:
«2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց «Բաց երկնքի» քաղաքականություն: Այս ընթացքում բանակցություններ են տարվել ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերությունների հետ` վերջիններիս Հայաստանի Հանրապետության շուկա ներգրավման նպատակով», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է առավելագույն ջանքերի գործադրումը՝ առկա ներուժն օգտագործելու և կայուն համաչափ տնտեսական զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացում զբոսաշրջության ներդրումը մեծացնելու ուղղությամբ: «Ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի մշակութային ժառանգության դերը, որն անփոխարինելի տեղ է գրավում համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում և կարևոր խթան է հանդիսանում Հայաստանում գերակայություն հռչակված զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար», - շեշտել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես կարևորվում են համաշխարհային զբոսաշրջության մարտահրավերների և զարգացումների արդյունքում մշակութային ժառանգության և բազմազանության պահպանմանը նպաստող նախաձեռնությունները, որոնք այսօր արդիական են և համաշխարհային կարևորություն ունեն:
«Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է երկրի համաչափ կայուն զարգացման գործընթաց, որը ենթադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծում, մշակութային ժառանգությամբ հարուստ պատմական քաղաքների զարգացում և ընդլայնում: Այս առումով հրատապ են մշակութային ժառանգության և երկրի կայուն զարգացմանն ուղղված գործընթացները, որոնք հնարավորություն կընձեռեն պահպանելու մշակութային ժառանգությունը` հանրահռչակելով և այն դիտարկելով որպես երկրի կայուն զարգացման սոցիալական և տնտեսական ռեսուրս: Շատ կարևոր է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ մեկնարկող Տեղական տնտեսության և զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը, որն ուղղված է անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը:
Մենք կարևորում ենք Հայաստանի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև ձևավորված համագործակցությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացված և իրականացվող այս և նմանատիպ այլ ծրագրերը տնտեսական աճի ապահովման, ժողովրդավարության և կառավարման, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում կարևորվում են մեր պետության կայուն զարգացման տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և աջակցել ցանկացած ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը, որոնք բխում են մեր երկրի ու ժողովրդի շահերից», - եզրափակել է կառավարության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ ծրագիրը կնպաստի աշխարհում Հայաստանի հոգևոր և մշակութային ժառանգության ներկայացմանը և կխթանի զբոսաշրջության զարգացումը:
Հարակից հրապարակումներ`
- Բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո ՀՀ-ն բանակցել է ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերության հետ. վարչապետ
- ՀՀ-ում զբոսաշրջության արդյունքում ձևավորվող օգուտները մարզային բնակչության համար գրեթե հասանելի չեն. Քարեն Հիլիարդ
- «Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է ՀՀ-ն աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր. դեսպան Միլս
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում