Իշխանության սիրելի պատգամավորները սնանկացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Իհարկե, ՀՀ որևէ քաղաքացի ապահովագրված չէ սնանկությունից: Սակայն խայտառակություն է, երբ ԱԺ պատգամավորներն են սնանկ ճանաչվում, այն էլ իշխանությունների սիրելի պատգամավորները: Հերթական սնանկացած պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է: Նախկինում «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանին և Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչելու մասին: Եվ այստեղ բնական հարց է ծագում, թե պատգամավորները, որոնք ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչո՞ւ են սնանկանում:
Խնդրի էությունը պարզ է, սակայն պատգամավորների դեպքում ոչ այդքան պատվաբեր: Պարզվում է՝ ՀՀ ԱԺ պատգամավորներն էլ բոլորի պես պարտքեր են վերցնում, բայց չեն վերադարձնում, որից հետո պարտատերերը դիմում են դատարան՝ իրենց գումարները ետ վերադարձնելու պահանջով: Ու քանի որ պատգամավորները չեն ցանկանում հենց այնպես իրենց պարտքերը վերադարձնել, երկար-բարակ դատական քաշքշուկ է սկսվում: Բանն այն է,որ ՀՀ օրենսդրությամբ մեկ միլիոն դրամ և ավել չվճարած պարտք ունենալու դեպքում ֆիզիկական անձը կարող է սնանկ ճանաչվել: Ստացվում է, որ ԱԺ 3 պատգամավորները անպարտաճանաչ պարտապաններ են, դրա համար էլ սնանկ են ճանաչվել: Համաձայնեք, որ պատգամավորի դեպքում նման բնութագիրն ուղղակի խայտառակություն է»: