Մալիում ահաբեկչության պատանդները ազատ են արձակվում
Մալիում այսօր տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ հյուրանոցում 100-ից ավել պատանդներից 80-ը ազատ են արձակվել: Այդ մասին վկայակոչելով AFP գործակալությանը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ տասը գրոհայիններ «Ալլահ Աքբար» բացականչելով ներխուժել էին Մալիի մայրաքաղաքի կենտրոնում գործող Radisson Hotel Bamako հյուրանոց ու պատանդ վերցրել 170 մարդու` 140 այցելուի և 30 աշխատակցի: Անվտանգության ծառայության աշխատակիցները շրջափակել էին հյուրանոցը և կարողացել էին էվակուացնել մարդկանց:
Վերջին տվյալներով, ըստ աղբյուրի, հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ` 1 ֆրանսիացի և երկու մալիացի:
Նախնական տեղեկություններով, հյուրանոցում կան հնդիկներ, Չինաստանի քաղաքացիներ, ֆրանսիացիներ, ինչպես նաև Turkish Airlines ավիաընկերության աշխատակիցներ:
Հաղորդվում է նաև, որ Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մալի թռիչքը: