Կառավարման այսօրվա համակարգը հնարավորություն չի տալիս, որ իշխանությունը պատասխանատու լինի ժողովրդի առաջ. Թովմասյան
Ինչո՞ւ ենք փոխում այս Սահմանադրությունը, արդյոք գործող Սահմանադրությունը չէ՞ր լուծում դրված խնդիրները, այսօր Եղեգնաձորում «Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակում բնակիչների հետ բացօթյա հանդիպման ժամանակ հարցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը և ինքն էլ պատասխանեց իր հարցին.
«Այո, կառավարման բոլոր համակարգերն էլ ունեն պոտենցիալ ապահովելու զարգացում, բայց միաժամանակ դասագրքային ճշմարտություն է, որ կառավարման պառլամենտական համակարգը առավել արդյունավետ է ապահովում ժողովրդավարության, զարգացմանը, տնտեսության ամրապնդմանը և այլն»,-հայտարարեց Թովմասյանը:
Ներկայացնելով վիճակը, Թովմասյանը նկատեց, որ օրինակ, գործող Սահմանադրության մեջ ամրագրվել են «ոչ իրատեսական» իրավունքներ, որոնք իրականության մեջ երբեք էլ կյանքի չեն կոչվել, ինչն էլ բնական դժգոհության տեղիք է տվել:
«Օրինակ, սահմանվել են սահմանափակման այնպիսի հիմքեր, որ ասենք սկսած Ձեր կրթություն ստանալու իրավունքից մինչև ազատ տեղաշարժվելու իրավունք կարող էր սահմանափակվել այլոց բարի համբավը պաշտպանելու համար», -եղեգնաձորցիներին ասաց Թովմասյանը և վստահեցրեց, որ այս բացերը առաջարկվող Նախագծով լրացվել են ու շտկվել:
Ինչ վերաբերում է կառավարման համակարգին, Թովմասյանն ասաց, որ երբ երկրում երկու առաջնային մանդատ, այսինքն, երբ համապետական ընտրություններում ընտրվում է նախագահ և Ազգային ժողով, ապա «միշտ կարող է առաջանալ խնդիր, թե նրանցից ով է որոշելու վաղվա օրը»:
«Ցանկացած իշխանություն, խոսքը գործադիր իշխանության մասին է, պետք է պատասխանատու լինի և պառլամենտի և ժողովրդի առջև: Այսօրվա մեր համակարգը հնարավորություն չի տալիս, որ իշխանությունը պատասխանատու լինի», -հավելեց «Այո» քարոզող խմբի անդամը:
Թովմասյանը եղեգնաձորցիներին ասաց, որ իրենք են լինելու դատավորը և հենց իրենք էլ որոշելու են` փոխվելո՞ւ է համակարգը, թե՞ ոչ: Բայց մի բան, ըստ նրա, հստակ է, սա պատմական ժամանակահատված է, քանի որ բոլոր այն երկրները, որոնք անցել են այս համակարգին` այսինքն խորհրդարանական համակարգին, արմատական փոփոխություններ են ունեցել: