Զրույցներ Արցախում մատենադարան ունենալու մասին
Գանձասարի Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությունը մեծ շուքով անցավ: Հյուրերը շատ էին: Ներկա էին նաև «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, Մատենադարանի շինարարական աշխատանքների բարերար Գաբրիել Ջեմբերջյանը, Երևանի Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Լևոն Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց որ մատենադարանի տեղի ընտրության վերաբերյալ խորհրդակցություն է եղել Արցախի ղեկավարության հետ և որոշվել է, որ ավելի հարմար է Մատենադարանը գտնվի Գանձասարում:
Թեև՝ տեղի ընտրությունը նա չկարևորեց. «Մեզ համար ավելի կարևոր է Արցախում մատենադարան ունենալը և ոչ թե տեղը»:
Նրա պատմելով՝ գաղափարը ծագել է, երբ Մատենադարանում պատվիրվել է կրկնօրինակները որոշ մագաղաթների, որոնք գրվել էին պատմական Արցախում, Ուտիքում:
«Մտածեցինք, ոչ թե միայն պատճեններ լինեն, այլ նաև լինեն ձեռագրեր: Ու լինելու են. Մատենադարանի ղեկավարության՝ պարոն Թամրազյանի հետ արդեն համաձայնեցրել ենք, որ ձեռագրերի տևական ցուցադրություններ են լինելու»,- նշեց Լևոն Սարգսյանը, ապա հավելեց, որ գոհ է մատենադարանի կառուցման աշխատանքներից:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը այսօրը կարևորեց որպես պատմական օր՝ Գանձասար վանական համալիրին կից ստեղծվում է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան-թանգարան, «Գանձասար» գիտամշակութային կենտրոն:
«Սա 7-ամյա աշխատանքների արդյունք է: Սա մեզ հնարավորություն է տալիս լիարժեք ներկայացնելու Արցախ աշխարհի մշակույթը: Մենք շատ քիչ բան գիտենք Արցախի միջնադարի մասին, թեև գրվել են շատ գիտական աշխատություններ: Բացը լրացնելու համար ստեղծել ենք այս գիտական կենտրոնը՝ առաջին անգամ ներկայացնելու Արցախի ձեռագրական աշխարհը բացառիկ վավերագրերը, հնատիպ գրքերը: Կարծում եմ՝ հաջողել ենք»,- ներկայացրեց Մատենադարանի տնօրենը: Ասաց նաև, որ լինելու են նվիրատվություններ:
Մատենադարանի շինարարական աշխատանքների բարերար Գաբրիել Ջեմբերջյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ գաղափարի իրականացման համար: Նա հիշեցրեց, որ Մատենադարանի կառուցման գաղափարը եղավ այն ժամանակ, երբ Ցեղասպանության 100-ամյակի հանձախումբը կազմավորվեց:
«Գաղափարն այն էր, որ Մատենադարանը Արցախում ունենա մեծ մասնաճյուղ, քանզի սա ոչ միայն մեր հողն է, այլև մեր փաստական ձեռագրերի կենտրոններից է: Աշխարհն իմանա, որ հայերն վաղուց այստեղ են եղել և սա մեր պատմական հողն է, և 1200 տարի առաջ մենք այստեղ մեր ձեռագրերն ենք գրել: Եվ հենց Գանձասարն է եղել ձեռագրերի կենտրոնը»,- ոգևորությամբ նշեց բարերարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա