Գանձասարի մատենադարանի բացումը
Գանձասարում բացվել է Մաշտոցի անվան մատենադարան-«Գանձասար» գիտամշակութային կենտրոն: Մատենադարանի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության գերատեսչության ղեկավարները, մշակույթի նախարարները, բարձրաստիճան այրեր, ինչպես նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով Սերժ Սարգսյանը կենտրոնին է նվիրաբերել 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարան:
Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և պատասխանատուների հավաստմամբ ունենալու են շարունակական բնույթ:
Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի բացման խոսք ունեցան Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Երևանի Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Օքսվորդի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Թել Մարտենվանլինդը: Ելույթներից հետո հոգևոր հայրերի օրհնության և աղոթքի ներքո կատարվեց մատենադարանի հանդիսավոր բացումը:
Մատենադարանի շենքը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, և նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։