Գևորգ Մանուկյան. Աստղերի հետ դժվար չէ
Համաշխարհային աստեղերի հետ համագործակցելը դժվար չէ, նրանք հասարակ մարդիկ են, բարեհամբույր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պարող Գև Մանուկյանը, ով համագործակցել է Ուիթնի Հյուսթոնի, Փինքի, Նելլի Ֆուրտադոյի հետ:
«Որևէ խնդիր չեմ ունեցել որևէ մեկի հետ: Բոլորն էլ հասարակ մարդիկ են»,- ասաց նա:
Գև Մանուկյանը ցանկություն է ունեցել պարել Մայքլ Ջեքսոնի հետ, սակայն չի հասցրել:
Նա այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Նկարահանվել է ֆիլմերում, գովազդներում: Վերջին անգամ Հայաստանում եղել է չորս տարեկանում:
Հինգ տարի է, նա գեղասահքով էլ է զբաղվում: Գևորգի հայրն ու մայրը գեղասահորդներ են:
Նշենք, որ Գև Մանուկյանը ելույթ էր ունենար Երևանում կայանալիք «Սառույցի թագավորները» համերգային ծրագրի շրջանակում: Այն պետք է լիներ նախօրեին, սակայն հետաձգվել է:
«Իմ ժողովրդի առջև հանդես գալը մի քիչ ավելի պարտավորեցնող է: Անհամբեր սպասում եմ մարտի 5-ին՝ շարունակելու այն, ինչ չստացվեց նախօրեին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հաշվի առնելով, «Շոուսթար Պրոդաքշըն»-ը, «Սառույցի թագավորները» շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և շոուի բոլոր մասնակիցները որոշել էին հետաձգել Երևանում նոյեմբերի 20-ին կայանալիք «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը մինչև 2016 թվականի մարտի 5-ը: Ծրագրում ընդգրկված էին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ:
Տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են 2016 թվականի մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար:
«Սառույցի թագավորները» շոուն կայանալու էր նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Շոուն ներառելու էր աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր և նեցուկներ, գեղասահորդ- ակրոբատների ֆանտաստիկ համարներ, լուսային ու ձայնային ցնցող լուծումներով հեքիաթային բեմադրություն: Ընդհանուր առմամբ, շոուին մասնակցելու էր ավելի քան 20 գեղասահորդ, այդ թվում՝ աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդ Սերգեյ Յակիմենկո, Իրինա Սլուցկայա, Թոմաշ Վերներ, Ջեյսոն Գրատց, Հակոբ Մանուկյան, Այդաս Ռեկլիս, Գև Մանուկյան, ինչպես նաև ակրոբատ զույգեր, մարմնամարզիկներ, գեղասահքի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ հանդես եկող բալետի խումբը և այլն: Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը կուղեկցվեր շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա