Ամեն ինչ անում են, որ ընդդիմությունը օտարված չլինի, վատ ա՞ սա. ԲՀԿ-ական
Տնտեսական բարեփոխումները կունենան հաջողություն, եթե ժողովուրդը աջակցում է դրանց: Այսօր Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում «Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ Սպիտակում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, որն «Այո» քարոզող խմբում է:
«Եթե ժողովրդի մեծ հատվածի մոտ կա անվստահություն այդ բարեփոխումների նկատմամբ, ապա դրանք չեն կայանա: Հիմա ուզում ենք, որ ընդդիմությունն էլ գա, էդ գործերին մասնակցի, աշխատեն իրար հետ ու պետություն կառուցեն: Իրենք (իշխանությունները- խմբ.) ասում են ընդդիմություն խոսում ես, քննադատում ես, լավ ես անում, բայց դու էլ արի, մասնակցի գործերին: Ու դրա համար տալիս են տարբեր մեխանիզմներ` քննիչ հանձնաժողով, դատախազին ընտրում է ընդդիմությունը, Վճռաբեկ դատարանի նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին ընտրում է ընդդիմություն: Էդ ամենը նրա համար ա, որ ընդդիմությունը օտարված չլինի, վատ ա՞ սա»,-սպիտակցիներին ասում էր Մելքումյանը:
Սպիտակի տարեց բնակիչներից մեկը չէր համաձայնում Մելքումյանի հետ: Նա նույնիսկ ասաց, որ եթե առաջ հավանում էր Մելքումյանի քննադատական ելույթները, հիմա սկսել է չլսել նրան:
«Հիմա թարսվել ես, լավ չի», -ասաց տարեց մարդը, ինչը ժպիտ առաջացրեց պատգամավորի մոտ:
Սպիտակցին շարունակեց հետաքրքրվել. «Բարգավաճ կուսակցության անդամ ես՞»: «Այո, այո», -ասաց «Այո»-ի քարոզիչը: «Բա խի՞ եք Հանրապետականին պաշտպանըմ», - հետաքրքրվեց լոռեցին: «Որովհետև ճիշտ բան ա ասում», -արձագանքեց ԲՀԿ-ական Մելքումյանը: