Դեմագոգայի մայրն ես դու. Գուրգեն Եղիազարյանը` Մարգարիտ Եսայանին
Հանարքվեի քարոզարշավի շրջանակներում հեռարձակվող «Այո և Ոչ» հեռուստաշուի խմբերից մեկի կանգառն առավոտյան Լոռու մարզի Սպիտակ քաղաքում է, որտեղ բնակիչների հետ բացօթյա հանդիպման ժամանակ «Այո» խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և «Ոչ» խմբի անդամ Գուրգեն Եղիազարյանը վիճեցին:
Սպիտակում քաղաքացիներից մեկը Եղիազարյանից հետաքրքրվեց. ««Ոչ»-ի կողմնակից եք, հըլը մի հատ բացատրեք տենամ` ինչի եք ոչ ասում»:
Եղիազարյանը անմիջապես չպատասխանեց բնակչի հարցին ու արձագանքեց հարցով. «Բացատրելուց հետո մի բան փոխվելու ա՞»:
Նրանց զրույցին միջամտեց Մարգարիտ Եսայանը` ասելով. «Կարող է լավ բացատրեք, փոխվի»: Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ լավ կբացատրի ու Մարգարիտ Եսայանին դիմելով նկատեց, որ ինքը գիտի` նրա ելույթն ում է ուղղված, ինչին է ուղղված:
Եսայանի նյարդերը տեղի տվեցին. «Ինչ գիտեք է, մենք էլ գիտենք` ձեր ելույթն ինչին է ուղղված, մենք էլ գիտենք` ձեր ոչ-ն ինչին է ուղղված: Գիտենք, որ ոչ մի տրամաբանական հակափաստարկ չունեք: Ասում եք` Հանրապետականն ու Սերժ Սարգսյանն են փոփոխությունն անում, ասեք` ոչ: Դրա տակ տրամաբանություն կա՞: Իսկ մենք ասում ենք` եկեք փոխենք այս համակարգը»:
«Լսի Սերժ Սարգսյանի անունը դու իզուր ես տալիս», -արձագանքեց Եղիազարյանը ու նրանք մի քանի րոպե երկար խոսում էին` փորձելով ապացուցել` ով ինչ էր ասում, ինչու էր ասում:
Մարգարիտ Եսայանն անցավ որակման. «Դեմագոգիայի վարպետ եք»: Հետ չմնաց նաև Եղիազարյանը. «Դու էլ դեմագոգիայի մայրն ես»:
Հանրապետական պատգամավորը ընդդիմադիր քաղաքական գործչին ասաց, որ նա դերասանություն է անում. «Վաաաայ, դուք հիմա դերասանություն եք անում կամեռայի առաջ»: «Լավագույն դերասանուհին դու ես», -արձագանքեց Եղիազարյանը: Երկար վեճից հետո Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ Եղիազարյանը «հոգով, սրտով «այո» է»:
Նրանք սկսեցին իրար հետ լեզվակռիվ անել, իսկ նրանց կողքին կանգնաց սպիտակցիները կամաց-կամաց հեռացան` այդպես էլ չհասկանալով` ինչու ասել «ոչ» կամ ինչու ասել «այո»: