Իրանի հավակնությունները՝ գազի համաշխարհային շուկայում
Այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ պետությունների ղեկավարների 3-րդ համաժողովը, որն Իրանի միջուկային համաձայնությունից հետո առաջին հեղինակավոր միջազգային գագաթնաժողովն է, որին մասնակցում է անդամ երկրների 9 նախագահ, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը վերջին անգամ Թեհրան է այցելել 2007թ.:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Միջուկային համաձայնությունից հետո Իրանի արտաքին քաղաքականության օրակարգային կարևոր հարցերից մեկն իրանական գազի արտահանումն է»,-մեզ հետ զրույցում նշեց Իսրայելյանը և հավելեց. «Գազի արտահանման ոլորտում Իրանը ձգտում է համագործակցել ինչպես Եվրամիության անդամ երկրների, այնպես էլ Ռուսաստանի, մասնավորապես Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»:
Ըստ փորձագետի՝ Իրանի գազի ազգային ընկերության տվյալներով` Իրանը հնարավորություն ունի տարեկան շուրջ 30 միլիարդ խմ. գազ արտահանել Եվրոպա, որը հնարավոր է իրականացնել չորս ճանապարհով՝
1. Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով
2. Իրան-Թուրքիա
3. Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով
4. Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակի պայմաններում Թուրքիայի և Իրաքի տարածքով գազի արտահանումն աննպատակահարմար է: Հետևաբար այս իրավիճակում Թեհրանի համար նախընտրելի ուղիներն են համարվում Հայաստանն ու Ադրբեջանը:
Ինչ վերաբերում է ՇՀԿ-ի հետ Իրանի համագործակցությանը՝ ապա փորձագետը նշեց, որ Իրան-Պակիստան գազատարի գործարկման դեպքում Իրանը հնարավորություն կունենա գազ արտահանել նաև Չինաստան:
Անդրադառնալով ՌԴ նախագահի այցին՝ Իսրայելյանը հավելեց. «Ֆորումին Պուտինի մասնակցությունն ավելի շատ ունի քաղաքական նշանակություն: Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների պայմաններում Մոսկվայի համար խիստ անհրաժեշտ է Թեհրանի հետ սերտ քաղաքական հարաբերություններ հաստատելը:
Բացի տնտեսական հարցերից՝ ՌԴ նախագահը Թեհրանում ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը կքննարկի նաև Սիրիայի հարցը:
«Թեև Սիրիայի հակակառավարական խմբավորումների դեմ Ռուսաստանի իրականացրած ավիահարվածների հաջող մեկնարկը վերլուծաբաններին հիմք տվեց եզրակացնել, որ ի դեմս Իրանի ու Ռուսաստանի, նոր ռազմաքաղաքական դաշինք է ձևավորվում, սակայն ռուս-իրանական համագործակցության մասին խոսելիս պետք է առանձնացնենք քաղաքական, տնտեսական և ռազմական բաղադրիչները: Եթե քաղաքական ոլորտում նրանք արդյունավետ համագործակցում են միջազգային ասպարեզում, ապա տնտեսական ոլորտում Իրանն ու Ռուսաստանը համարվում են մրցակիցներ, իսկ ռազմական ոլորտում հարաբերվելիս կողմերը ցուցաբերում են որոշակի զգուշավորություն, դա հստակ երևում է Սիրիայի դեպքում»,-նշեց Արմեն Իսրայելյանը:
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում ռուս-իրանական համագործակցության հեռանկարին՝ փորձագետը հավելեց. «S-300 ՀՀՊ համակարգի վաճառքի հարցում առկա տարաձայնություններից հետո Թեհրանն արդեն թերահավատորեն է մոտենում Մոսկվայի կողմից համատեղ խոշորամաշտաբ նախագծեր իրականացնելու մասին հայտարարություններին: Իրանը էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը կխորացնի մինչև այն սահմանը, որը չի խոչընդոտի Արևմուտքի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան