Իրանի իշխանությունները շահագրգիռ են տնտեսական փոխգործակցության խորացման հարցում. դեսպան
Հայաստանի և Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտոնական այցը ՀՀ և երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ ընդունելով Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեսպան Սաջադին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում և վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ: Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ դրանում մեծապես շահագրգիռ են նաև Իրանի իշխանությունները: