ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտություն կիրականացվի Հյուսիսային պողոտայում
Երևանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտությունները կմեկնարկեն վաղվանից: Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 28-ը:
«Այն իրենից ներկայացնում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն Երևան քաղաքում՝ Հյուսիսային պողոտայում: Գաղտնապահությունը երաշխավորված է: Լինելու է շարժական ախտորոշիչ կենտրոն, լինելու են խորհրդատուներ: Նախաձեռնությունը կշարունակվի հինգ օր:Հետազոտության պատասխանը քաղաքացուն կտրամադրվի 15-20 րոպեի ընթացքում»,-լրագրողների հետ հանդիպմանը նման մանրամասներ հայտնեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը:
Նման նախաձեռնություն Հայաստանում արդեն երրորդ տարին է իրականացվում: Այն անցկացվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրապական շաբաթվա ընթացքում:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը դժվար ու բարդ բան չէ»,-ասաց նա:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը կարևորեց հետազոտության անցկացումը. «Աշխարհում մարդկանց 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին, ինչի հետևանքով կարող է անգիտակցորեն վարակել ուրիշներին, ինչպես նաև զրկված լինել ժամանակին բուժման և խնամքի ծառայություններից»:
Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդների վիճակագրական տվյալների վրա մեծ ազդեցություն ունի միգրացիան. «Մոտավորապես 70 տոկոսի դեպքում միգրացիոն գործոնն է»:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանասոցիալական Մարինե Ասրյանի ներկայացրած տվյալների համաձայն, Հայաստանում 1988 թվականից մինչև 2015 թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է 2194 ՄԻԱՎ դեպք:
«Դեպքերից 334-ը արձանագրվել է 2014-ի ընթացքում, որը առավելագույնն է նախորդ բոլոր տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակակիրների թվում գերակշռւմ են արական սեռի ներկայացուցիչները՝ 1513 մարդ, դա կազմում է վարակվածների 69 տոկոսը, ունենք ՄԻԱՎ վարակի 41 դեպք երեխաների շրջանում, որը կազմում է վարակվածների 1.9 տոկոսը: Ախտորոշման պահին վարակակիրների 52 տոկոսը եղել են 25-39 տարեկան»,-ասաց Մ. Ասրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան