Մովսես Հակոբյանը չի մեկնաբանում Բակո Սահակյանին
«Ես որևէ պաշտոնյայի հայտարարություն չեմ մեկնաբանում և հատկապես երբ դրանք իմ ղեկավարներն են», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի Զինված Ուժերի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որի մասին գրել էր ռուսական մամուլը:
Հիշեցնենք` ռուսական մամուլը գրել էր, որ Բակո Սահակյանը ՌԴ-ում լրագրողներին ասել էր, թե Արցախը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը:
«Այն բանից հետո, երբ Ստեփանակերտի օդանավակայանը կհանձնվի շահագործման, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»,- ըստ ռուսական աղբյուրների ասել էր Արցախի նախագահը:
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, հայտարարել էր, որ Բակո Սահակյանի խոսքերը ռուսական մամուլը շահարկել է: