Դեղ ընդունեք, տիկին Փոստանջյան. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովում այսօր ընթացող արտահերթ նիստում քննարկման դրվեց 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը:
Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, թե ԵՏՄ անդամակցությունը տապալեց ՀՀ տնտեսությունը, այնուհետև անցում կատարեց ներքաղաքական կյանքին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորին պարբերաբար հորդորում էր, որպեսզի նա մի քիչ էլ նախագծից խոսի, սակայն Զ.Փոստանջյանը անդրդվելի էր: Խոսելով դեկտեմբերի 1-ի հանրահավաքից՝ պատգամավորն ասաց, թե կարելի է մեկ շաբաթ փողոցում մնալ, մրսել և սոված մնալ, դրանով իսկ վերջ դնելով բիրտ ուժի կիրառմանը և այն կուսակցությանը, որը ցանկանում է հանձնել Ղարաբաղի որոշ տարածքներ:
«Փողոցը լավ տեղ է, ճիշտ եք ասում, բայց անդրադարձեք նախագծին»,-դիմելով Փոստանջյանին՝ ասաց Գալուստ Սահակյանը:
Փոստանջյանի ելույթի ժամանակ դահլիճից լսվեց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ձայնը, ով գոռալով ասում էր՝ «մոթ է, ամոթ», սակայն պատգամավորը էլ ավելի ոգևորվեց:
«Ամոթը ձեզ, որ անդամագրվել եք Հանրապետական կուսակցությանը, ամոթը ձեզ»:
Նրա ելույթից հետո Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Մի անգամ գոնե ողջամիտ ելույթ ունեցեք և շատ մի տանջվեք: Եթե խորհրդարանը համաձայնվի ձեր ձայնագրությունը, քանի որ միշտ նույն ելույթն եք ունենում, որպես ֆոնոգրամա միշտ կտեղադրենք և կլսի ժողովուրդը: Չի կարելի Ազգային ժողովի ամբիոնը խղճուկ, ինչ-որ ժանրային բոլոր հնարավորություններից դուրս ելույթներ ապահովի: Ճիշտն ասած թողեցի ելույթ ունենաք, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ չի կարելի նման հանգամանքներում, նման մարդկանց ընդունել: Ասում է՝ հանրապետականն ասաց, որ Ղարաբաղը տալու ենք, բայց հանրապետականը նաև ասաց, որ նման դեպքերում դեղ ընդունեք, տիկին Փոստանջյան: Մի ապակողնորոշեք ժողովրդին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում