ԵԽԽՎ հանձանժողովն այսօր կքննարկի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը
Այսօր Փարիզում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը, որի զեկուցողն է Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչը։
Զեկույցը վերնագրված է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»։ Նախատեսվում է, որ հանձնաժողովի նիստում կընդունվի զեկույցի նախագիծը։
Միլիցա Մարկովիչը զեկույցը պատրաստելու ընթացքում փաստահավաք այցով եղել է Ադրբեջանում։ Սակայն զեկուցողը տարբեր պատրվակներով չէր ցանկանում ուղիղ կապ հաստատել Ղարաբաղի իշխանությունների հետ և այցելել ԼՂ, որտեղ և գտնվում է Սարսանգի ջրամբարը։
Նոյեմբերի 16-ին վերջապես ԼՂՀ ԱԳՆ-ն նամակ է ստացել ԵԽԽՎ քարտուղարությունից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։ Պատասխան նամակում նշվել էր, որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ-ի հետ համագործակցությանը:
Սակայն, հնարավոր է, որ այս «համագործակցությանն» այլևս անհրաժեշտություն չլինի, և այցն արդեն ուշացած լինի, եթե հանձնաժողովի նիստում ընդունվի զեկույցի նախագիծը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հարցը Ադրբեջանի պատգամավորները բարձրացրեցին 2014թ․-ի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում՝ նշելով, որ «երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է և հումանիտար խնդիրներ առաջացնում բնակիչների համար։»։ ԵԽԽՎ Բյուրոն 2014թ․-ի ապրիլին որոշում կայացրեց ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը և նշանակվեց զեկուցող՝ ջրամբարի վերաբերյալ զեկույց պատրաստելու համար։
Նշենք նաև, որ սա առաջին անգամը չէր, որ ադբեջանցիները միջազգային ատյաններում և նաև ԵԽԽՎ-ում բարձրացնում էին Սարսանգի ջրամբարի հարցը։ 2013թ-ի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ադրբեջանցիները ևս բարձրացրել էին Սարսանգի ջրամբարի հարցը, սակայն Բյուրոն, ով իրավունք ունի առաջարկվող նախաձեռնություններին ընթացք տալ, կասեցնել կամ ընդունել որպես ի գիտություն, Ադրբեջանի՝ Սարսանգի վերաբերյալ բանաձևի նախաձեռությունն ընդունել էր որպես «Ի գիտություն»։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին. Արցախի ԱԳ
- ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողը համառորեն ցանկանում է գալ Հայաստան
- Սարսանգի ջրամբար. ԵԽԽՎ-ն ԼՂՀ-ին չարձագանքեց, իսկ Ադրբեջանին չմերժեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան