Ղազախստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված ԵԱՏՄ-ն կարգավորումներ է իրականացնում. ԱԺ
ՀՀ Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում այսօր քննարկման դրվեց 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը:
Ինչպես նշեց հարցը զեկուցող ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկություններ՝ կապված Ղազախստանի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցելու հետ: Արձանագրության դրույթները, ըստ նրա, վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում և որոնց հանդեպ Ղազախստանի կողմից ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան կիրառվելու են միասնական մաքսային սակագնից տարբեր դրույքաչափեր:
Ըստ Ս.Կարայանի՝ արձանագրությամբ նաև նախատեսվում է, որ ցանկում ներառված ապրանքները Ղազախստանի տարածք ներմուծման ժամանակ ձևակերպվում են ներքին սպառման համար մաքսային ընացակարգով և համարվում են պայմանական բաց թողնված ապրանքներ Մաքսային միության Մաքսային օրենսդրության համապատասխան:
«Այս դեպքում Ղազախստանը կիրառելու է համապաստախան միջոցառումներ նշված ապրանքները ԵՏՄ անդամ երկրների տարածք տեղափոխումը արգելելու համար»,- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանը նշեց, որ հայ արտադրողներին անհանգստացնում են մի շարք հարցեր, որոնք ԵՏՄ-ին միանալուց հետո դեռևս լուծված չեն: Մասնավորապես, ըստ նրա, խոսքը վերաբերում է ԱԱՀ-ին:
«Հայաստանից Ռուսաստան ուղարկվող ապրանքները ինչ-ինչ պատճառներով հետ են գալիս և կրկնակի ԱԱՀ-ով հարկվում: Այսինքն՝ մեկ անգամ հարկվում է Ռուսատանում, հետո 50 օր հետո վերադարձնելուց հետո հարկվում է նաև Հայաստանի սահմանում: Մինչդեռ նման բան նախկինում չկար»,- ասաց պատգամավորը:
Երկրորդ խնդիրը, ըստ նրա կայանում է նրանում, որ Ռուսաստանից Հայաստան եկող ապրանքների համար սահմանին նույնացման սերտիֆիկատ չեն պահանջում, իսկ հայկական ապրանքների համար պահանջում են:
«Սրանք անօրինակ գործողություններ են հայ արտադրողների նկատմամբ»,- ասաց Ա.Պետրոսյանը:
Ս.Կարայանը անդրադառնալով ԱԱՀ-ին, նշեց, որ երբ Հայաստանից ապրանքներ են արտահանում ՌԴ, ապա Հայաստանում վճարված ԱԱՀ-ը պետք է հետ վերադարձվի և Ռուսաստանում վճարվի այդ հարկը:
«Երբ արտահանված ապրանքների որոշ մասը ինչ-որ պատճառներով հետ է վերադառնում, ապա կախված այն հանգամանքից, որ աշխատում եք այլ իրավաբանական անձի հետ, ապա ապրանքների ետ վերադարձման ժամանակ նույն մեխանիզմը պետք է կիրառվի հակադարձ ուղղությամբ: Այսինքն՝ պետք է արտահանում ձևակերպվի ՌԴ-ի կողմից և հետ վերադարձվի ԱԱՀ-ն, իսկ Հայաստան վերադառնալուց հետո նորից վճարվի ԱԱՀ-ը»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:
Նա նաև նշեց, որ ԵՏՄ շուկայում ԱԱՀ-ի ետ վերադարձման խնդիրները կապված են նաև այն համագամանքի հետ, թե ներմուծողը վճարել է արդյոք ԱԱՀ-ն և հարկային մարմիններից համապատասխան տեղեկանքներ վերցրել և ներկայացրել է. «Այսինքն՝ որոշակի ընթացակարգեր են նախատեսվում, դրա համար խնդիրներ են առաջանում»:
«Բուրաբայում տեղի ունեցած բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ նախագահի կողմից նույնպես բարձրացվել է այդ հարցը, որ ԱԱՀ-ի վերադարձման սկզբունքները ավելի պարզեցվեն և հստակեցվեն, դրանից հետո մեր կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել արձանագրություն, որով պետք է կանոնակարգվեն ԱԱՀ-ի վերադարձման և գանձման հետ կապված խնդիրները: Հույս ունենք, որ դեկտեմբերի 21-ին կայանալիք ԵՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ այդ արձանագությունը կստորագրվի և փոփոխություն կկատարվի «ԵՏՄ մասին» մայր պայմանագրում և ԱԱՀ խնդիրները կկանոկարագվեն»,- հայտնեց Ս.Կարայանին:
Ինչ վերաբերում է նույնականացման սերտիֆիկատների խնդրին, ապա փոխնախարարն ասաց, որ Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ և հակառակ ուղղությամբ նույնականացման սերտիֆիկատներ կարող են միայն պահանջվել այն ապրանքների համար, որոնց մասով ՀՀ-ն կիրառում է Մաքսային միության միասնական մաքսային սակագներից տարբերվող այլ սակագներ:
«Մնացած ապրանքների մասով իրավունք չունեն նույնականացման սերտիֆիկատ պահանջել»,- նշեց նա: