Ալեքսանդրա Սումը, Ալեքսանդր Ռոմանովսկին և Երիտասարդական նվագախումբը՝ Սվյատոսլավ Ռիխտերի հիշատակին
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի նոյեմբերի 21-ի համերգը նվիրված է եղել անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես են եկել մեծահամբավ երաժիշտներ՝ ջութակահար Ալեքսանդրա Սումը (Ֆրանսիա) և դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա/Իտալիա)։ Հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, Ջութակի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ջութակահար Ալեքսանդրա Սումն ասել է, որ Երիտասարդական նվագախմբի հետ նվագելը մի այլ զգացողություն է. «Նրանք իմ տարիքին են։ Էներգետիկան շատ լավն է։ Ես Փարիզից եմ, ու այն, ինչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, ինձ համար շատ ծանր է։ Խնդրեցի երաժիշտներին ինձ ուժ տալ, ու ես զգացի մեծ սեր ու աջակցություն նրանց կողմից»։
Ալեքսանդրա Սումը բազմակողմանի երաժիշտ է, որ հավասարապես փայլուն ներկայացնում է կամերային և սիմֆոնիկ երկացանկ։ Համագործակցել է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Թուլուզի Կապիտոլիումի ազգային, Ցյուրիխի կամերային, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Հելսինկիի ֆիլհարմոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբերը և այլն։ Վերջին 10 տարիներին ակտիվորեն ներգրավված է Սեյջի Օզավա միջազգային ակադեմիայի (Շվեյցարիա) աշխատանքներում։
Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ընդգծել է, որ Հայաստան պարբերաբար այցելում է և համերգներ ունենում. «Անկեղծ ասած՝ ես ինձ այստեղ զգում եմ՝ ինչպես տանը։ Սերգեյ Սմբատյանն ամեն անգամ ինձ ասում է՝ բարի գալուստ հայրենիք. իրոք այդ խոսքերի մեջ ճշմարտություն կա։ Մարդիկ Հայաստանում շատ բարի ու անկեղծ են, ինչը մեծ հարստություն է։ Ես ուրախ եմ նվագել այս հրաշալի նվագախմբի հետ։ Երբ երաժիշտը բարձրանում է բեմ, իրականում նա մերկ է, նրան պետք չէ թաքնվել, հանդիսատեսն ամեն ինչ շատ լավ զգում է։ Եվ թիկունքին ունենալով Սերգեյ Սմբատյանի ու նվագախմբի երաժիշտների աջակցությունը՝ բեմում ստեղծվում է հրաշալի մի բան, որ կոչվում է երաժշտություն։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս այդ անկրկնելի ու խորհրդավոր բանը հայտնաբերում եմ»:
Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։