Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար հատուկ ձեռնարկներ են հրապարակվել
«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր քաղաքացու, ընտրողի իրազեկվածության աստիճանը՝ կապված քվեարկության կարգի հետ: Ինչպես միշտ, այս անգամ էլ մենք ուշադրության կենտրոնում ենք պահել սահմանափակ հնարավորություններով անձանց ընտրական իրավունքի, հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման լիարժեք ապահովման խնդիրը»,-«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ում ներկայացնելով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակված հատուկ ձեռնարկները՝ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ ձեռնարկներից մեկում տառատեսակները մեծ չափերի են, որպեսզի քաղաքացին առանց ակնոցի կարողանա կարդալ տեքստը, մյուս ձեռնարկը բրայլյան գրատեսակով է. «Մեր հիմնական խնդիրն էր՝ ծավալային առումով չլինեին մեծ, բայց բովանդակային առումով լիարժեք ներկայացնեին այն կարգը, մեխանիզմները, իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են քվեարկողների համար: Հատկապես կարևորում էինք, քանի որ վերջերս տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ կապված նույնականացման քարտերով քվեարկության հետ: Հանրային իրազեկումն այս առումով մեծ նշանակություն ուներ»:
Տ.Մուկուչյանի խոսքով, այս ձեռնարկները «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունք են:
«Իրենցից ենք ճշտել շահառուների քանակը, որոնց համար անրաժեշտ էր նախապատրաստել այս ձեռնարկները: Երկու ձեռնարկն էլ պատրաստվել են կազմակերպության տպագրատանը»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Ձեռնարկները մինչև դեկտեմբերի 6-ը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը, բաժանվելու են շահառուներին, որպեսզի վերջիններս իրազեկ լինեն քվեարկության կարգին:
«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ այդ ձեռնարկները բաժանվելու են տեսողության խնդիրներ ունեցող 3000 քաղաքացու, բրայլյան գրատեսակով ձեռնարկներից օգտվողները 700-ն են:
«Այս ձեռնարկները հնարավորություն կտան նրանց առանց որևէ մեկի օգնության կատարել իրենց քվեարկությունը»,- շեշտեց նա:
Մ. Սարգսյանը նաև նշեց, որ ընտրացուցակներում ստորագրելը տեսողության խնդիրներ ունեցողների համար բավականին բարդ է, նրանք ունենք հատուկ կնիքներ, որոնց վրա գրված են իրենց անուն-ազգանունները և կարող են դրանք օգտագործել, որը հավասարազոր է իրենց ստորագրությանը:
Նա նաև դիմեց Տիգրան Մուկուչյանին՝ սահմանադրական փոփոխությանները անցնելու դեպքում ԿԸՀ-ն քայլ անի և նոր Սահմանադրությունը տպի նաև բրայլյան գրատեսակով:
«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության հրատարակչության տնօրեն Թելման Բոյաջյանն ասաց, որ նման ձեռնարկները հնարավորություն են տալիս տեսողության հետ կապված քաղաքացիներին ավելի մերձենալ հասարակությանը, շփումներն ակտիվանում են:
Տ.Մուկուչյանը տեղեկացրեց, որ մշակման փուլում է գտնում համապատասխան կաղապարը, որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար:
«Նրանք այցելելով ընտրատեղամաս՝ կստանան համապատասպան կաղապարը, որում կտեղադրվեն քվեաթերթիկները, համապատասխան մշակումից հետո կաղապարները հնարավորություն կտան մարդկանց ինքնուրույն կատարել իրենց քվեարկությունը»,- ասաց Տ. Մուկուչյանը:
Նման կաղապարներ լինելու են բոլոր՝ 1997 տեղամասային կենտրոններում:
Տ. Մուկուչյանի խոսքով, հանրաքվեի օրը ընտրատեղամասերի 97-98 տոկոսում կլինեն հատուկ ոսպնյակներ, որպեսզի եթե քաղաքացին մոռացած լինի ակնոցները, կարողանա դրանց օգնությամբ կատարել իր քվեարկությունը:
Խոսելով ընտրատեղամասերի հարմարվածության մասին, հատկապես հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող ընտրողների համար, Տ.Մուկուչյանն ասաց, որ ընտրությունից ընտրություն ավելանում են թեքահարթակներով ընտրատեղամասերը:
«Այս անգամ էլ կունենաք որոշ առաջընթաց»,- նշեց ԿԸՀ նախագահը՝ հույս հայտնելով, որ որոշ ժամանակ անց բոլոր ընտրատեղամասերը կունենան թեքահարթակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան