«Պետք չէ ամեն ինչը վատ պատկերացնել». Օձունեցին՝ 205 հոդվածի մասին
«Համար առաջին պատճառը, որ մենք «ոչ» ենք ասում Սահմանադրական փոփոխություններին, 205 հոդվածում նշված տարածքների փոփոխության հարցն է, ինչը թույլատրվում է հանրաքվեի միջոցով: Ըստ մեզ դա տարածքային ամբողջականության հարց է, որը հարիր չէ ՀՀ Սահմանադրությանը»,-Լոռու Մարզի Օձուն գյուղում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը:
Մի օձունեցի, ի պատասխան «ոչ»-ի կողմնակիցի մտահոգությունների, նկատեց. «Միգուցե լավ նկատառումներո՞վ է ընդգրկվել 205 հոդվածը, որ երբ պահանջ զգացվի Լեռնային Ղարաբաղը շատ հեշտ, հանրաքվեի միջոցով ընդգրկվի Հայաստանի կազմում: Պետք չէ ամեն ինչը վատ պատկերացնել»:
«Համանման կետի բացակայությունը չի խանգարի, որ Ղարաբաղը կամ այլ տարածքներ ներառեն ՀՀ կազմում: Բայց այստեղ խնդիր է առաջանում: Կհիշեք երևի, որ ուզում էին Մեղրին փոխանակել այլ տարածքի հետ: Միջազգային ճնշում կար: Լավատես պետք է լինենք, բայց եթե թույլ է տրվում երկիմաստ մեկնաբանել, դա մեզ համար ընդունելի չէ: Մենք ուզում ենք, որ համանման խնդիրների հետ կապված ռիսկերը բացառենք»,-ասաց Այվազյանը:
205 հոդվածի մասին հարց ու պատասխանին միջամտեց «այո»-ի կողմանկից դաշնակցական Արթուր Եղիազարյանը:
Նա ասաց, որ գործող Սահմանադրությունը նախագահակենտրոն է: Հիշեցրեց, որ Հայաստանը բանակցություններ էր վարում Ասոցացման պայմանագրին միանալու համար, սակայն ի՞նչ եղավ. «Որոշակի ճնշումներ մեկ գերտերության կողմից և մեր քաղաքական կուրսը կտրուկ փոխվեց դեպի Եվրասիական տնտեսական միություն: Եթե բացեք այդ օրերի մամուլը կտեսնեք, որ բոլորը բողոքում էին, ինչո՞ւ պիտի մեկ մարդ որոշի»:
Եղիազարյանն ասաց, փաստորեն հիմա փոփոխություն է կատարվել, հիմա 205-րդ հոդվածը հստակ ասում է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և տարածքի փոփոխության հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով, այսինք ժողովուրդը պետք է որոշի:
«Պիտի պատասխանատվությունը չլինի մեկ մարդու որոշման վրա, անգամ պառլամենտի վրա: Դա կարևոր խնդիր է, որը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: Կարծում եմ, որ ավելի մեծ պաշտպանվածություն տարածքային ամբողջականության առումով, այլ միությունների հարելու առումով չկա, քան ժողովրդի որոշումն է: Սրանով ավելի մեծացել է մեր երկրի սուվերենությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան