Հայկական պատվիրակությունն ամեն ինչ անում է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու համար. Նաղդալյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի հանձնաժողովում ընդգրկված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցին, ասաց, որ դա հետևանք է այն իրավիճակի, որ այսօր գոյություն ունի ԵԽԽՎ-ում:
«Այդ իրավիճակը բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք ու երբևիցե չենք համաձայնել այն մտքի հետ, որ սա պատվիրակության կամ պետական կառույցների պարտությունն է: Համարում ենք, որ սա ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների կողմից նախաձեռնված և իրենց շահերին աջակցող տարբեր երկրների պատգամավորների կամ անհատ պատգամավորների արդյունք է»,-ասաց Հ.Նաղդալյանը:
Հարցին, թե ինչու հայկական կողմն էլ հակաադրբեջանական արշավ ԵԽԽՎ-ում չի ձեռնարկում, ԱԺ փոխխոսնակը չհամաձայնեց այս օրերին հաճախ հնչող այն քննադատության հետ, թե ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր շահերը:
«Գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ նման հարձակումներ ու նման արշավների էպիզոդներ, որոնց ժամանակ, կենտրոնացնելով մեր ողջ ուժերը, կարողացել ենք չեզոքացնել բազմաթիվ վտանգներ, նեգատիվ նախաձեռնություններ»,- ընդգծեց նա:
Ըստ Հ.նաղդալյանի՝ հիմա ևս այդպիսի մի ժամանակահատված է, երբ ադրբեջանական կողմը, հիմնվելով նրա վրա, որ ոչ ադրբեջանանպաստ զարգացումներ ունի Մինսկի խմբի բանակցությունների ընթացքում, միջազգային տարբեր հարթակներում, որտեղ քննարկվում են անվտանգության հարցեր, փորձում է այնպիսի հարթակում այդ հարցերը բարձրացնել, որը չունի մասնագիտացում, որի մանդատի մեջ չեն մտնում անվտանգության հետ կապված հարցեր։ «Այսպես ասած՝ ոչ մասնագիտական հարթակներում փորձում է ռևանշի հասնել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությունը կբոյկոտի՞ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ողջ տարվա ընթացքում իրենք տարբեր աշխատանքներ են ծավալել, ուստի այնքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ պետք է բոյկոտել նստաշրջանը:
«Այս պահին իմ անձնական կարծիքն եմ ասում՝ չեմ կարծում, որ բոյկոտը լավագույն տարբերակն է, պատվիրակությունն այս պահի դրությամբ չի քննարկել այդ թեման, քանի որ պատվիրակությունը փորձում է գտնել այն ռեզերվները, որոքն կարող են օգտակար լինել և թույլ մեզ, որպեսզի լիագումար նիստի ժամանակ որոշակի բեկում մտցնենք գործընթացի մեջ, իսկ որևէ այլ բնույթի որոշումներ կկայացնենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ այլ ռեզերվ չունենք»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություններ կլինեն, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ պատվիրակության կազմը որոշում են խմբակցությունները, որոնք կարող են փոխել իրենց խմբակցության անդամին, եթե գտնում են, որ նա թերացել է իր աշխատանքներում:
«Եթե խմբակցությունները կգտնեն, որ իրենց պատվիրակները լավ չեն կատարել իրենց աշխատանքը ու որոշեն փոխել նրանց, դա կլինի իրենց որոշումը: Իսկ Հանրապետական կուսակցությունը վեհաժողովում պատվիրակության կազմ փոխելու հարց չի քննարկում»,- մանրամասնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Հ. Նաղդալյանը վստահեցրեց, որ այս պահին արվում է ամեն ինչ վեհաժողովի լիագումար նիստում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու համար: Այդ ուղղությամբ, ըստ նրա, աշխատանքներ է տանում ինչպես պավիրակությունը, այնպես էլ խորհրդարանի ղեկավարությունը և ՀՀ ԱԳՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Շավարշ Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին. Հստակ է, որ զեկուցողը հետապնդել է այլ նպատակներ
- Հերմինե Նաղդալյանը չի կարծում, որ ԵԽԽՎ նիստը բոյկոտելը լավագույն տարբերակներից մեկն է
- ԵԽԽՎ հանձանժողովն այսօր կքննարկի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը