Սալեհի. Իրանը Ռուսաստանին 9 տոննա հարստացված ուրան կվաճառի
«Իրանը Ռուսաստանին 9 տոննա հարստացված ուրան կվաճառի»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Սալեհին, անդրադառնալով Թեհրանում կայացած Իրանի և ՌԴ նախագահների հանդիմանը, ասել է, որ Իրանը Ռուսաստանին 9 տոննա հարստացված ուրան կվաճառի, փոխարենը՝ ՌԴ-ից կստանա 140 տոննա բնական ուրան:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վ. Պուտինը Իրան էր մեկնել՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ պետությունների ղեկավարների 3-րդ համաժողովին:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնոր Ալի Խամենեին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի երկարաժամկետ ծրագրերն իրականացվում են ի վնաս Իրանին ու Ռուսաստանին, ուստի պետք է սերտ համագործակցությամբ դրանք չեզոքացնել:
Անդրադառնալով քաղաքական ու անվտանգության ոլորտներում Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությանը՝ Խամենեին նշել է, որ վերջին մեկուկես տարում տարբեր հարցերի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի ընդունած որոշումները եղել են չափազանց լավ ու կառուցողական:
Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին, անդրադառնալով սիրիական հակամարտությանը, նշել է, որ Սիրիայի հարցում Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան Թեհրանի հետ ակտիվ համագործակցում է տարածաշրջանային ու համաշխարհային ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ: