Շավարշ Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին. Հստակ է, որ զեկուցողը հետապնդել է այլ նպատակներ
Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատումը:
Շավարշ Քոչարյան. Բոլորովին վերջերս մենք ականատես եղանք բրիտանացի պատգամավոր Ուոլթերի` ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ներկայացրած զեկույցի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին: Դրանում մասնավորապես ասվում էր, որ հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը` զուգահեռ մեխանիզմներ ստեղծելուն ուղղված փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը և խոչընդոտել առաջընթացը: Անշուշտ, այս միանշանակ զգուշացումից հետո ԵԽԽՎ այժմ արդեն Սոցիալական հարցերի հանձնաժողովում ևս մեկ զեկույցի նախագծի ներկայացումը, որով աղավաղվում են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը, բացահայտորեն միտված է եռանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ուղղությամբ իրականացվող ջանքերի խափանմանը:
Զեկույցի նախագիծը միայն ջուր է լցնում Ադրբեջանի քարոզչամեքենայի ջրաղացին և տեղավորվում է Բաքվի կողմից բանակցային գործընթացի ձախողման, Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրելու ադրբեջանական անդադար փորձերի, հիմնահարցի քննարկումը այլ ձևաչափեր տեղափոխելու ձգտման, եռանախագահներին անընդհատ քննադատելու քաղաքականության տրամաբանության մեջ: Մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ կամա, թե ակամա Ադրբեջանի քարոզչամեքենայի գործիք են դառնում նաև ԵԽԽՎ որոշ պատգամավորներ, ովքեր, քվեարկությամբ սպիտակը սև որակելով, սևացնում են առաջին հերթին հենց իրենց և փորձում ստվեր գցել ԵԽԽՎ հեղինակության վրա:
Հատկանշական է, որ զեկուցողը արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան` զլանալով այցելել Լեռնային Ղարաբաղ, որտեղ նա կարող էր ծանոթանալ իր զեկույցի հիմնական առարկայի` Սարսանգի ջրամբարի իրավիճակին։ Հստակ է, որ զեկուցողը հետապնդել է այլ նպատակներ: Այլապես նա չէր անտեսի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ս.թ. նոյեմբերի 18-ին դրական էին պատասխանել դրանից ընդամենը երկու օր առաջ ստացված` այնտեղ այց իրականացնելու գրավոր առաջարկությանը: Այլապես անպատասխան չէր թողնի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից Հայաստանում նրան ընդունելու պատրաստակամության մասին օգոստոսի և նոյեմբերի նամակները: Արդյունքում ներկայացվել է զեկույց մի ջրամաբարի մասին, որը զեկուցողը չի ցանկանցել նույնիսկ տեսնել, փոխարենը նա զեկույցը լցրել է շինծու փաստարկներով:
Իսկ այն հապճեպությունը, որով զեկուցողը իր մանդատի ավարտից առաջ ներկայացրել է զեկույցը, մատնում է, որ նրան հանգիստ չի տալիս նախանձը այն «փառք ու պատվի» հանդեպ, որին արժանացել է Ուոլթերը Բաքվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան