Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է ցույց տալ, որ ԵԽԽՎ նման բանաձևերը իրականում ուղղված չեն խնդրի լուծմանը
Եվրոպայի ու Ադրբեջանի միջև վատացող հարաբերությունների փաստը պետք է օգտագործել ի նպաստ Հայաստանի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնլով ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցի ու բանաձևի նախագծի հաստատմանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը հաստատել է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը: Մինչ այդ էլ Վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության էր արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը:
«Երբ հունվարին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ քննարկվի երկու հակահայ բանաձևերը, ապա հայկական դիվանագիտությունը, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ունեն այն գործիքները, որոնցով կարող է հակազդել Ադրբեջանի հակահայ քարոզչությանը: Ընդամենը պետք է հարցի քննարկումը տեղափոխել Եվրոպա-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստ, բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են Ադրբեջանում»,-ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով, պետք է ցույց տալ, որ նման բանաձևերը իրականում ուղղված չեն խնդրի լուծմանը, այլ քայքայում են այն մեխանիզմները, որոնք դեռևս խոչընդոտում են լայնամաsշտաբ պատերազմի վերսկսմանը, ցույց տալ, որ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունն ուղղված է ոչ միայն հայկական պետության դեմ, այլև միջազգային հանրության ու եվրոպական արժեքների, որոնց պահպանման համար այդքան պայքարում է ԵՄ-ն:
«Ընդհանրապես պետք է քննադատության մեծ ալիք ստեղծել Ադրբեջանի դեմ: Կարծում եմ, որ այդ պարագայում հնարավոր է՝ բանաձևերը չընդունվեն»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան