Մնալով դասական դպրոց, կիրառելով հայկական փորձը՝ ֆիզմաթ հատուկ դպրոցը շարունակում է հարստացնել իր ձեռքբերումները
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը 50 տարի շարունակ մնալով որպես դասական, ավանդական դպրոց, կիրառելով միայն հայկական փորձը, շարունակում է իր հաղթարշավը. միայն այս տարվա ընթացքում դպրոցի սաները միջազգային օլիմպիադաներում 27 մեդալի են արժանացել:
Լրագրողների հետ զրույցում դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը (1974 թվականի նույն դպրոցի շրջանավարտներից է) ասաց, որ դպրոցը տարբեր տարիներին ունեցել է հաջողություններ և այսօր էլ շարունակում են ավելացնել դպրոցի ձեռքբերումներն ու հաջողությունները:
«Դա մեզ հաջողվում է, քանի որ մենք ի սկզբանե ունեցել ենք հզոր մանկավարժներ, մասնագետներ, ովքեր լավ հիմք են դրել: Հենվելով մեր նախորդների դրած ավանդույթների վրա՝ կարողանում ենք ձեռքբերումներն ավելացնել: Անկախ Հանրապետության տարիներին մեր հնարավորություններն ընդլայնվեցին այն իմաստով, որ կարողանում ենք մեր ունեցած գիտելիքները դրսևորել նաև միջազգային ասպարեզում»,- նշեց նա:
1993 թվականից առ այսօր Հայաստանը միջազգային օլիմպիադաներում վաստակել է 193 մեդալ, որից 97-ը՝ ֆիզմաթ դպրոցի սաները: Միայն վերջին 4 տարում դպրոցի աշակերտները միջազգային օլիպիադաներից վերադարձել են 75 մեդալով:
«Կրթության ոլորտում շատ երկրների դրական փորձերը յուրաքանչյուրը յուրովի է կիրառում: Թող ամեն մեկն իրենը կիրառի: Մենք առաջ ենք տանում մեր հայկական փորձը: Մնացել ենք որպես ավանդական դպրոց, շատ բաներ չենք փոխել: Բնականաբար, օգտվում ենք այսօրվա տեխնոլոգիական հնարավորություններից, կարողություններից, ինտերնետից»,- նշեց դպրոցի տնօրենը:
Միաժամանակ Հ.Նավասարդյանն ասաց, որ այսօր իրենց դպրոցը, ինչպես նաև բոլոր դպրոցները, նյութատեխնիկական բազայով ապահովելու խնդիր ունեն. «Մենք բանակցել ենք նախարար Արմեն Աշոտյանի հետ այս խնդրի վերաբերալ: Իսկապես, մեզ անհրաժեշտ է 21-րդ դարի դպրոց: Հույս ունենք առաջիկայում կունենանք ավելի լավ կահավորված, սարքավորումներով հագեցած մասնաշենք»:
Այսօր դպրոցն ունի 628 աշակերտ ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից:
«Մեր դպրոցում սովորելու համար անհրաժեշտ է տվյալ առարկաների նկատմամբ հակումներ և աշխատասիրություն: Բոլոր տեղերում էլ կան խելացի աշակերտներ, բայց նրանց առաջ տանելու համար պետք է կարողանալ ապահովել միասնական, համախմբված կրթություն:
Հասականալի է, որ յուրաքանչյուր դպրոցում հնարավոր չէ կազմակերպել նման կրթություն, քանի որ կան տարաբնույթ աշակերտներ, նաև մասնագետների խնդիր: Ես կողմնակից եմ այն գաղափարին, որ կոնկրետ ուղղվածություն ունեցող դպրոցները շատ լինեն»,- ասաց Հ.Նավասարդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում լավ կրթություն իրականացնել հնարավոր է, ապացույցը՝ իրենց դպրոցն ու դպրոցի աշակերտների հաջողությունները:
50-ամյա դպրոցի տնօրենը նաև ասաց. «50-ը կես դար է, մաթեմատիկայում լավ թվերից մեկն է: Վաղը կլինենք 50+1, բայց մեր հաջողությունները նույնպես պետք է լինեն՝ եղածին գումարած մեկեր»:
Հիշեցնենք, որ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Երևանի Պետական Համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի նախաձեռնությամբ և ՀՍՍՀ կառավարության որոշմամբ, որի նպատակն է Հայաստանի տարբեր շրջանների և նրա սահմաններից դուրս հայաշատ վայրերի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կազմակերպել պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. «Ֆիզմաթը» մեր երկրի ինտելեկտուալ հարստություններից է
- Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա