«Qatar Airways» -ը մուտք է գործում հայկական շուկա
2016թ. Քաթարի Ավիաուղիները (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան-Դոհա ուղղությամբ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի Ավիաուղիների հետ: Այս մասին հայտնում են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ «Էթիհադ» ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին: Մենք շատ հպարտ ենք, որ Քաթարի Ավիաուղիները, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն, ընտրել է Հայաստանը որպես իր նոր ուղղություններից մեկը:
Քաթարի Ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Քաթարի Ավիաուղիների շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար»,-ասված է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ հաղորդագրության մեջ: