Ազգային փոխադրող ունենալու վերջին հույսերը մարեցին. «Ժողովուրդ»
Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է: Արդեն երկու տարի է՝ Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող: «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել: Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, և առաջիկայում կվերսկսվեն չվերթները:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել: Իսկ դրա համար հիմք է հանդիսացել «Էյչ էս Բի Սի բանկի» հայցը: Ավիաընկերության գույքն էլ ներկայումս արգելանքի տակ է: Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի: Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որևէ հիմք չկա: