ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց. ընդունվեցին մի շարք օրենքներ
ՀՀ Ազգային ժողովն այսօր ավարտեց կառավարության առաջարկով գումարած արտահերթ նստաշրջանը: Այսպիսով, արտահերթ նիստում ԱԺ-ն ընդունեց 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը, որին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 6 պատգամավոր:
ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց նաև «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
Համաձայնագրի համաձայն՝ ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին 25 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառություն կտրամադրի գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքների զարգացման համար:
Խորհրդարանը հաստատեց նաև ՀՀ պետական վիճակագրական աշխատանքների 2016-2018թթ. եռամյա ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նաև «Պետական նպաստների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրինագծերը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ Բերդ և Ճամբարակ համայնքներում արտադրական գործունեություն կազմակերպողները ևս կազատվեն ԱԱՀ-ից: Նշենք, որ օրինագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում