Աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործիքով՝ հայաստանյան առկա իրականության գործիքով. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր շարունակվեց ՀՀ 2016-2018 թթ-ի պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին հարցի քննարկումը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ երեկ հարցի քննարկման ժամանակ բացահայտել է՝ աղքատությունը հարաբերական հասկացություն է:
«Իհարկե նայած, թե ինչ գործիքներով ենք այն չափում: Պարզվում է՝ եթե չափում ենք այս օրերին Վաշինգտոնից ժամանած մեր հյուրերի ներկայացրած գործիքներով, ապա Հայաստանում աղքատություն չկա, մենք բոլորս հարուստ ենք, իսկ եթե չափում ենք մեկ այլ գործիքով, ապա պարզվում է՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսն աղքատ է: Պարոն Մնացականյան, մեծագույն հարգանք ունենալով Ձեր անձի հանդեպ՝ որպես կիրթ անձնավորություն, սակայն սա ի վերջո քաղաքական ամբիոն է, և բնականաբար, քաղաքական հարցադրումներ պետք է հնչեն: Իհարկե Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը ոչ մեկ կասկածի տակ չի առել, թեև նման փորձեր եղել են, բայց ես կարծում եմ, որ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործիքով՝ հայաստանյան առկա իրականության գործիքով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքերով, երբ այդ գործիքով են անդրադառնում Էյշտեյնի հարաբերականության տեսությանը, ապա հասկանալի է, որ բնակչության կենսամակարդակը գնալով վատանում է:
Ն.Զոհրաբյանը դիմելով ԱՎԾ նախագահին՝ նշեց, որ ցանկանում է Ազգային ժողովում բացատրություններ ստանալ աղքատության, գործազրկության, արտագաղթի վերաբերյալ, որոնք գնալով ավելի են մեծանում, մինչդեռ այդ բոլոր երևույթների ցուցիչները չգիտես ինչու գնալով բարելավվում են:
«Ես շատ կարևորում եմ Ձեր նշած տնային տնտեսուհիների և տնային տնտեսությունների վարած օրագրերը, որոնց հիման վրա երևի ձեր տեղեկատվությունը քաղում եք, բայց կա ռեալ իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ ռեալ իրականությունն այն է, ինչը մենք տեսնում ենք: Մենք ակնկալում ենք հնչած քաղաքական հարցադրումներին տալ կոնկրետ պատասխաններ, այլ ոչ թե հղումներ վիճակագրական տեղեկատվական գրքին և տնային տնտեսությունների օրագրերին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան