Կանաց նկատմամբ բռնությունների թիվը նվազել է տղամարդկանց երկրից գնալու հաշվին. սոցիոլոգ
15 տարի է, կանանց նկատմամբ բռնության հարցն օրակարգային է Հայաստանում, բայց այն չի դառնում հրատապ խնդիր. հիմնականում անուշադրության է մատնվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է:
Ադիբեկյանը նկատեց, որ շատ բռնության ենթարկվող կանայք չեն գանգատվում, ընդունելով դա որպես «նորմալ» երևույթ:
«Եվրոպական ստանդարտներով կան հետևյալ բռնության տեսակները, հոգեբանական՝ «աղջի էս ինչ ես հագել», ահաբեկող կամ սպառնող՝ «ես ինչա հագացդ կճղեմ», ֆիզիկական, խոշտանգող, ինչպես նաև բռնաբարություն»,-նշեց սոցիոլոգը:
Ըստ նրա՝ Հայաստանում ընտանիքներում կանանց մինչև 75 տոկոսն այդ բռնություններից մեկին ենթարկվում է. «Սակայն մեզ մոտ ներկայումս այդ բռնությունների թիվը կրճատվել է, քանի որ ամեն 4-րդ տան տղամարդը երկրում չի գտնվում, արտագնա աշխատանքի է»:
Ադիբեկյանը նաև տեղեկացրեց, որ ժամանակին փորձ եղավ թեժ գծեր և ապաստարան ստեղծել բռնության ենթարկված կանանց համար՝ թեժ գծերը չաշխատեցին, ապաստարան էլ գրեթե գնացող չկար:
«Ոստիկանության իրավասություններն էլ պետք է մի քիչ լայնացնել, քանի որ բռնության ենթարկված կինը դիմում է ոստիկանություն, իսկ նրանք հաճախ չեն միջամտում՝ մտածելով, եթե կյանքին սպառնող վտանգ չկա, դա իրենց նեղ ընտանեկան հարաբերություններն են»,-ավելացրեց սոցիոլոգը:
Հանդիպմանը ներկա հոգեբան Լիլիթ Խաչատրյանն էլ նկատեց, որ հիմնականում այն կանայք են բռնության ենթարկվում, ովքեր որ տեսել են նույն բռնությունը մանուկ հասակից և արդեն ունեն զոհի հոգեբանություն. «Զոհերը միշտ ունեն շատ խորը վախի զգացում, բայց երբ որ կանանց տրվում է ինֆորմացիա, թե ինչ կա իրենց մտացածին վախի հետևում, նա հոգեբանորեն այլ մոտեցում է ունենում և կարողանում է ինքնավստահություն ձեռք բերել և հասկանալ, որ իրենից շատ բան է կախված»: