««Ֆիզմաթ» դպրոցը տալիս է բավարար գիտելիք՝ ցանկացած բուհ ընդունվելու համար». Աշակերտներ
Երևանի Պետական Համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի սաները, ովքեր տարբեր միջազգային օլիմպիադաներում արժանացել են մեդալների, համոզված են՝ դպրոցում ստացած գիտելիքների, դպրոցի ուսուցչների շնորհիվ են հասնում հաջողությունների:
Դպրոցն այսօր նշում է իր 50-ամյակը:
Դպրոցի 11-րդ դասարանում սովորող Սերգեյ Ներսիսյանն այս տարվա ամռանը Թաիլանդում կայացած մաթեմատիկայի օլիմպիադայում բրոնզե մեդալի է արժանացել:
«Այս դպրոցում շատ բարձր մակարդակի գիտելիքներ ենք ստանում: Այստեղ ստացած գիտելիքներն օգնում է մեզ ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյը:
Նա դեռ չի որոշել, թե ինչ է դառնալու ապագայում, բայց ինչ մասնագիտություն էլ ընտրի, անպայման կապված է լինելու մաթեմատիկա առարկայի հետ: Սերգեյը մտածում է նաև ուսումն արտասահմանյան որևէ բուհում շարունակելու մասին:
12-րդ դասարանի աշակերտ Մուշեղ Շահինյանը, ով օլիմպիադաներից վերադարձել է արծաթե և բրոնզե մեդալներով, համոզված է, որ այս դպրոցում ստացած գիտելիքներն ավելի քան բավարար են իր ուզած բուհն ընդունվելու համար:
«Հայաստանում ուսումս շարունակելու դեպքում, Երևանի պետական համալսարանի կիրառական բաժինն առանց քննության կարող եմ ընդունվել, քանի որ միջազգային օլիմպիադաներից ունեմ մեդալներ: Այս դպրոցում ստացած գիտելիքներիս շնորհիվ ես ունեմ մեդալներ: Արտասահմանում բուհ ընդունվելու դեպքում մեծ ուշադրություն են դարձնում դպրոցական տարիներին ունեցած հաջողություններիդ, այսինքն՝ օլիմպիադաներին մասնակցություն, ստացած մեդալներ, նաև հարցազրույց պետք է տալ: Այս դպրոցն ամեն ինչ արել է ինձ օգնելու համար՝ ընդունվել ցանկացած բուհ, որը ցանկանամ»,- ասաց Մուշեղը:
12-րդ դասարանի աշակարետ Նարեկ Խանդանյանը, ով Թայլանդում կայացած մաթեմատիկայի օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի, հպարտանում է, որ կարողանում է իր ունեցած գիտելիքների շնորհիվ Հայաստանի վարկանիշը բարձրացնել. «Հպարտություն եմ զգում, երբ օլիմպիադաների ժամանակ բարձրացնում են Հայաստանի դրոշը: Մենք կարողանում ենք հաջողությունների հասնել մեր դպրոցի ուսուցիչների տված գիտելիքների շնորհիվ»:
Նա ցանկանում է 2016-ի օլիմպիադաներից վերադառնալ արդեն ոսկե մեդալներով:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Երևանի Պետական Համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի նախաձեռնությամբ և ՀՍՍՀ կառավարության որոշմամբ, որի նպատակն է Հայաստանի տարբեր շրջանների և նրա սահմաններից դուրս հայաշատ վայրերի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կազմակերպել պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում:
Հարակից հրապարակումներ`
- Մնալով դասական դպրոց, կիրառելով հայկական փորձը՝ ֆիզմաթ հատուկ դպրոցը շարունակում է հարստացնել իր ձեռքբերումները
- Աշոտյան. «Ֆիզմաթը» մեր երկրի ինտելեկտուալ հարստություններից է
- Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները