Թևան Պողոսյան. Ուրախ եմ, որ կանխարգելում է եղել, այլ ոչ թե՝ դեպք
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադարձավ ծանր հանցագործություն նախապատրաստող հանցավոր խմբի բացահայտման փաստին՝ նշելով, որ լրացուցիչ գնահատականներ տալու համար անհրաժեշտ է սպասել մանրամասն տեղեկությունների:
Մեզ հետ զրույցում Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում, հատկապես Փարիզյան դեպքերից հետո, ինքը բազմաթիվ անգամներ նշել է, որ թեև «Հայաստանում կան օբյեկտիվ պայմաններ՝ համարելու, որ ահաբեկչության խնդիրների առումներով, մենք կարծես ամենաանվտանգն ենք տարածաշրջանում», սակայն միշտ էլ պետական մարմիններին և հանրությանը զգոնության կոչեր է արել. «Միայն զգոն, ուշադիր, նրբանկատ լինելով կարելի է նպաստել այս խնդիրների լուծմանը: Ժամանակին համապատասխան ձևով արձագանքելով պետք է թույլ չտալ, որ որևէ մի ահաբեկչական գործողություն տեղի ունենա»:
Նրա կարծիքով՝ «ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում», և չունի ընտրյալ կամ չընտրյալ երկրներ:
«Ցանկացած երկրում, որտեղ իրենք տեսնում են կա հնարավորություն, իրենք գործողություն են անելու»,-ասաց մեր զրուցակիցը և հիշեցրեց, որ «անգամ ադրբեջանական դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման գործողությունների կանխարգելումը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ «մի տատիկ, ով խանութում նկատել էր ինչ-որ տարօրինակություն դրանցից մեկի վարքագծում, միանգամից ահազանգել էր և դրանից հետո հնարավոր էր եղել ձերբակալել նրանց»:
Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցած գործողությանը, ապա Թևան Պողոսյանի բնութագրմամբ՝ դա «կանխարգելիչ գործողություն է», որի համար ինքը ուրախ է: "
«Ճիշտ է՝ գնահատականներ տալը մի գուցե մի քիչ շուտ է, քանի որ շատ մանրամասն տեղեկություններ չկան՝ հասկանալու՝ ի՞նչ խումբ է, ովքե՞ր են, քանի որ նշվեց, որ կան սփյուռքահայեր, ապա գոնե լավ կլինի հասկանանք՝ ի՞նչ երկրներից են»,- ասաց պատգամավորը և նշեց, որ տեղի ունեցածը ստիպում է, որպեսզի համապատասխան ծառայություններն ավելի ուշադիր լինեն Հայաստանի սահմանը հատողների, Հայաստան կատարվող այցելությունների նկատմամբ:
«Պետք է ասեմ, որ ուրախ եմ, որ կանխարգելում է տեղի ունեցել, և չենք ունեցել դեպք, որից հետո միայն սկսել հետախուզում անել: Այդ իմաստով մեկ անգամ ևս պետք է կոչ անեմ բոլոր պետական մարմիններին, իրավապահ մարմիններին՝ մեկ անգամ ևս բարձրացնեն իրենց զգոնությունը, իրենց միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություններ մշակեն»,- նշեց Թևան Պողոսյանը և հույս հայտնեց, որ համապատասխան ծառայությունները կակտիվացնեն տեղեկությունների փոխանակումը բոլոր այն երկրների գործընկերների հետ, ովքեր ներգրավված են ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարում:
«Դրա հետ միասին մեր հանրությանը պետք է կոչ անեմ, որ իսկապես վտանգը ռեալ է, մենք ունենք շատ վատ տարածաշրջան՝ այն իմաստով, որ անվտանգության մակարդակն հիմա այդքան էլ բարձր չի, իսլամական պետությունն ընդամենը 400 կմ հեռավորության վրա է, տեսնում ենք՝ Թուրքիան ինչ է անում, գիտենք, որ Վրաստանում կան ԻՊ զինյալներ, Ադրբեջանից շատերը գնացել են այնտեղ, կռվել են և եկել են հետ: Այդ բոլորը հաշվի առնելով՝ պետք է գիտակցենք, որ Հայաստանը նույնպես թիրախավորված է»,- ասաց մեր զրուցակիցը և վստահեցրեց, որ Հայաստանը թիրախավորված է դեռևս 2011 թվականից. «Քանի որ տարածաշրջանի այն բոլոր երկրներում, որտեղ տեղի են ունենում գործողություններ, մենք ունենք հայկական համայնքներ, 2011-ից դեռ մենք պետք է գիտակցեինք, որ ցանկացած պարագայում մենք այլևս ներքաշված ենք ահաբեկչության դեմ պայքարի մեջ»: