Հասան Ռոհանի. Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը չափազանց վտանգավոր քայլ էր
«Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը չափազանց վտանգավոր քայլ էր»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, արձագանքելով նախօրեին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանմանը, մասնավորապես ասել է. «Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը չափազանց վտանգավոր է. այն իրավիճակն ավելի է բարդացնում: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ ռուսական ինքնաթիռը գործողություն էր իրականացնում Սիրիայի երկնքում: Ենթադրենք, որ ինքնաթիռը մոտեցել է Թուրքիայի սահմանին: Հրթիռը կամ ինքնաթիռը մի՞թե խաղալիք են, որ ով ցանկանա օդում կրակ արձակելու որոշում կայացնի: Արդյո՞ք կարելի է տարածաշրջանում այդքան անկանոն իրավիճակ ստեղծել»:
Շարունակելով խոսքը՝ Ռոհանին հավելել է. «Մենք մեր հարևան երկիր Թուրքիային հորդորում ենք, որպեսզի լրջորեն հետևի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, քանի որ ներկայում չափազանց զգայուն իրավիճակ է տիրում: Այսպիսի գործողությունները մեր և տարածաշրջանի շահերից չեն բխում, դրանք բխում են ահաբեկիչների շահերից»:
Հավելենք, որ այսօր ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, մտահոգություն հայտնելով ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ, նշել է. «Նման գործողություններն ավելի են նպաստում սիրիական ճգնաժամի խորացմանը և այդ կերպ ահաբեկչական խմբավորումներին սխալ «մեսիջ» է ուղարկվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին